Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/637

Այս էջը հաստատված է

− Ի՞նչ ձևակերպություն,− հարցուց տիկին Սաթեն մտահոգ դեմքով մը։

− Մենե մեկը պիտի երթա քննության կատարե ու իր չքավորությունը հաստատե։

− Ճանըմ, ես կճանչնամ զիրենք, իմ վկայությունս բավական չէ՞…

− Չէ՛,− ըսավ ամուսինը կտրուկ կերպով։

− Է, դուն վկայե, որ աղքատ է, լմնցավ գնաց, քու խոսքդ ո՞վ կասկածի կրնա ենթարկել։

− Օրինավորությունը կպահանջե, որ թաղականներեն մեկը երթա, օրինավոր քննություն կատարե։ Այդչափ աճապարելու պետք չկա, թող քանի մը օր համբերե։ Դուն իրենց հասցեն տուր ինծի, ես վաղը մեկը կղրկեմ… Միհրանիկ էֆ-ին կըսեմ, թող ան երթա։

− Միհրանիկ էֆենտին, անկարելի բան,− գոչեց տիկին Սաթեն հուզված։− Ճանըմ, քննության պետք չկա, ես գիտեմ որ աղքատ է,− պնդեց տիկին Սաթեն…− ասկե զատ հասցեն չեմ գիտեր…

− Ժամեն կհասկնանք…

− Օֆ, Մարգար էֆենտի, նեղություն կուգա կոր վրաս, սա գործը լմնցուր երթա․ թող այս անգամ ալ առանց ձևականության ըլլա… կարծես ամեն գործերնիդ շատ օրինավոր է տե՛…

− Բայց չեմ հասկնար, որ ինչու քննության կհակառակիս կոր։

− Պարապ տեղը ժամանակ պիտի անցնի, խեղճ կինը կարողություն չունի… ավուր հացի կարոտ է, կըսեմ կոր… վաղը առտու այս գործը լմննալու է։

− Բայց, կնիկ, հիվանդանոցի հոգաբարձութենեն մեզի խիստ պատվեր եկած է, որ լավ քննությամբ չքավորությունը հաստատելե ետքը վկայագիր տանք…

− Ճանըմ, անոնք ի՞նչ գիտեն թե քննությունը կատարեր եք թե ոչ։

− Ան տեղ Օհան էֆենտի մը կա, որ դյուրավ մանթար չի կլլեր։

− Օհան էֆ-ն ո՞վ է։

− Հոգաբարձու Օհան էֆ. Ներսեսյանը… անիկա մեր թուղթովը