Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/64

Այս էջը հաստատված է

թե այդ երիտասարդը հավանորեն Սաթենիկի հոմանին էր, մանավանդ որ շատ հոգ կտաներ տունվորներուն և նույնիսկ աղջկան հիվանդության ատեն բժիշկ բերած, դեղերը շինել տված և ամեն կերպով հոգածու գտնված էր, ինչ որ պարզ և անտարբեր վարձակալի մը պարտականությունները չէին։ Դրացիները նկատած էին նաև, որ Սաթենիկ միշտ կխուսափեր դրացի էրիկմարդոց հետ ոևէ հարաբերություն ունենալե, կամ հետերնին խոսելե, ինչ որ ցույց կուտար, թե, երիտասարդը շատ նախանձոտ նկարագիր մը ունենալու էր։

Տեղեկագիրը կեզրակացներ, թե որոշումը տալե առաջ լավ կըլլար, որ Ֆերիգյուղի եկեղեցիի քահանային կողմե ալ կնոջ բարոյականին մասին քննություն մը կատարվեր և անոր վկայաթուղթը լսվեր։

Երբ Ղուկաս էֆենտի տեղեկագրին ընթերցումը ավարտեց, խոսքը Սաթենիկին ուղղելով՝ ըսավ.

− Հոս եկուր նայինք։

Սաթենիկ կամաց-կամաց հառաջացավ, հետզհետե ավելի կարմրած, ավելի ամոթահար։

− Ի՞նչ կուզես կոր հիմա,− հարցուց էֆենտին։

− Տասնըհինգ օր առաջ եկած էի աղջկանս հիվանդության առթիվ, որ ամսական նպաստ մը շնորհվի ինծի, գոնե քիչ մը ատենվան համար, և դուք ալ ըսիք, որ նախ պետք է քննություն կատարվի իմ մասին և թե հարկ էր, որ երկու շաբաթ ետքը կրկին գայի… կարծես քննություն կատարվեցավ, ուստի այսօր եկա, որպեսզի նպաստը առնեմ։

− Այո, քննությունը կատարված է… կրնաս երթալ։

− Շնորհակալ եմ, բայց նպա՞ստը − կմկմաց Սաթենիկ, որ չէր հասկցած Ղուկաս էֆենտիի խոսքերուն իմաստը:

− Նպաստ չի կա:

− Ինչո՞ւ համար,− կակազեց հեգ թշվառուհին։

− Դուն նպաստ քու ձեռքովդ ճարեր ես,− շարունակեց էֆենտին չար ժպիտով մը −… սիրականիդ տվածը չի՞ բավեր կոր:

Սաթենիկ այլայլած՝ շլմորած՝ գույնը հանկարծ մեղրամոմի սպիտակություն մը առած, կմկմաց.

− Ո՞ր սիրականս…

− Վա՞յ, ըսել է քանի մը հատ կա, հա՞… կեցցես,− գոչեց Ղուկաս էֆենտի խնդալով,− տեղեկագրին մեջի սիրականդ,