Քառորդ ժամ ետքը կմտներ Միհրանիկ էֆ-ի գրասենյակը, մինչ այս վերջինը թիկնաթոռին մեջ ընկղմած, թերթ կարդալու զբաղած էր։
− Բարև՛, Միհրանի՛կ էֆենտի,− ըսավ հոգաբարձուն, մտերմական շեշտով մը։
− Աստծու բարին,− պատասխանեց Միհրան։
− Այսօր ցավակցություններս հայտնելու եկա,− ըսավ Օհան էֆենտին։
− Ի՞նչ բանի համար,− հարցուց վաճառականը զարմացած։
− Խեղճը մեր գյուղացին կսեպվի, որովհետև ես ալ Խաս գեղցի եմ, ինշալլահ անցավոր հիվանդություն է․․․
− Բայց որո՞ւ վրա կխոսիս։
− Ճանըմ, մեր Գալուստ աղային վրա… Սիսակյան Գալուստ աղան… պապա մարդ է…
− Հա, մեկեն ի մեկ հիվանդ ընկեր է, կինս անցած օր կըսեր կոր,− պատասխանեց Միհրան անտարբեր շեշտով մը։– Ուղուրսուզին մեկն էր արդեն հազիվ տարին քանի մը անգամ երեսը կտեսնեի… շիտակը սիրած մարդս չէր։
− Այո՛, գիտեմ որ իրարու հետ շատ բարեկամ չէիք,− պատասխանեց Օհան էֆենտի,– բայց ինչ որ է, ձեր ազգականն է։ Հիվանդությունը ի՞նչ է։
− Աղեկ մը չեմ գիտեր, անբուժելի է եղեր, բայց բժիշկը ըսեր է, որ դեռ երկար ատեն կրնա ապրիլ։
− Էյ, հոգ չէ,− պատասխանեց Օհան էֆ,− փառք Աստուծո, նյութական կարողությունը տեղն է։
− Այո՛, կարծեմ քանի մը կտոր կալված ունի,− ըսավ Միհրան էֆ․− այսինքն կինն է ունեցողը։
− Կնոջն է եղեր, իրն է եղեր, միևնույն բանը չէ՞․․․
− Այնպես է։
Միհրան էֆ. հայտնապես նեղություն կզգար այս խոսակցութենեն, որ վերջապես երևույթ չուներ։ Այդ Գալուստը իր բնավորությամբ, վարք ու բարքով անտանելի մեկը եղած էր, և երբեք իր ազգականներուն համակրության չէր արժանացած։
Օհան էֆ․ սակայն տակավին չէր ավարտած։ Սիկարեթ մը վառեց և ըսավ.
− Հիմա ո՞ւր է հիվանդը։