− Այդ վկայականը ո՞վ ստորագրած էր։
− Ես,− պատասխանեց վաճառականը։
− Ուրի՞շ․․․
− Մենակ իմ ստորագրությունս կար, չուզեցի ատենադպիրին ստորագրել տալու համար ժամանակ կորսնցնել․․․ մտածեցի, որ իմ անունս բավական ծանոթ է և կրնա վստահություն ներշնչել։
− Մարգար էֆ, չարաչար խաբեր են ձեզի։
− Ի՞նչ կըսես․․․
− Բացարձակ իրողությունը այս է… ձեր թաղին մեջ Գալուստ Սիսակյան անունով չքավոր աղքատ չկա։
− Ինչպես չկա,− գոչեց վաճառականը, որուն զարմանքը հետզհետե կավելնար։
− Գալուստ Սիսակյանը Խաս գյուղ կնստի և կալվածատեր է։
− Կարծեմ դուն կսխալիս կոր, Օհա՛ն էֆ,− պատասխանեց վաճառականը թեթև ժպիտով մը,− այնքան կասկածոտ ես, որ ամեն տեղ խաբեբայություն կտեսնես։
− Այս գործին մեջ ոչ թե միայն խաբեբայություն կա, այլ նաև կեղծարարություն․․․
− Կեղծարարություն,− գոչեց վաճառականը հուզված,− ի՜նչ ըսել կուզես, ո՞վ ըրեր է կեղծարարություն։
− Չեմ գիտեր, ատիկա դուք պիտի փնտռեք, գտնեք։
− Բայց նախ կեղծարարության ապացույցը տեսնենք…
− Իշտե ապացույցը,− ըսավ Օհան էֆ. և վկայականը հանձնեց Մարգար էֆ-ին։
Վաճառականը առավ թուղթը, բացավ և զարմացական ճիչ մը արձակեց՝ տեսնելով Միհրան էֆ-ի կեղծ ստորագրությունը։
− Ես թուղթը հանձնած ատենս այս ստորագրությունը չի կար, ետքեն ավելցուցեր են,− գոչեց։
− Հիմա Միհրան էֆ-ի քովեն կուգամ կոր, պատվույն վրա հաստատեց, թե ինք բանե մը տեղեկություն չունի և թե այս ստորագրությունը իրը չէ։
− Ատոր տարակույս չկա․․․
− Հիմա տեսա՞ք, որ ինչ անպատկառ խաբեբաներու ձեռքը գործիք եղեր եք…
Վաճառականը չպատասխանեց։ Այս հայտնությունը խորին