Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/656

Այս էջը հաստատված է

− Անշուշտ… արդեն որո՞ւ կուզեք որ ըսենք, բնականաբար միմիայն թաղականները պիտի գիտնան։

− Նույնիսկ պետք չի կա, որ անոնք ալ իմանան։

− Ատիկա անկարելի է,− պատասխանեց քարտուղարը։

− Ինչո՞ւ համար,− հարցուց Մարգար էֆ․ զարմացած։

− Որովհետև վկայականը կգտնվի ընդօրինակության տետրակին մեջ և ընդօրինակության տետրակն ալ միշտ թաղականներուն ձեռքին մեջն է։

− Եղբայր, ինչո՞ւ այդ վկայականին ընդօրինակությունը առիր, ի՞նչ պետք կար, զարմանալի բան։

− Բայց Մարգար էֆենտի, սովորություն է, որ մեր կողմե տրված բոլոր պաշտոնաթուղթերուն ընդօրինակությունը կառնենք։

− Ես չնշմարեցի, որ ընդօրինակեցիր։

− Այդ միջոցին զբաղած էիք։

− Էյ, հիմա ի՞նչ պիտի ընենք։

− Եթե կուզեք տետրակին մեջեն այդ երեսը պատռեմ վերցնեմ։

− Ամենեն կարճ ճամփան այդ է,– ըսավ Միհրանիկ էֆ։

− Այո՛, այո՛, անանկ ընենք, թող խնդիրը փակվի,− կրկնեց Մարգար էֆենտի։

− Ինչպես կփափաքիք, այնպես ընենք,− համակերպեցավ քարտուղարը։

Եվ ուրախ՝ իր պետերուն ծառայության մը մատուցած ըլլալուն համար՝ գոհ սրտով մեկնեցավ։

ՎԵՐՋԱԲԱՆ

Մեր այս պատմած իրողությունները կանցնեին տագնապալից շրջանի մը մեջ, այսինքն ընդհանուր պատերազմի առաջին տարին։

Թերևս եկեղեցիին մեջ աթոռի մը համար ծագում առած խնդիրը շատ ավելի մեծ համեմատություններ պիտի առներ և Պողոս ու Մարգար էֆենտիների պայքարը տարիներ պիտի շարունակվեր, գրգռելով մտքեր և հուզելով թաղը, եթե անակնկալ պատահար մը վերջ չդներ այս ամենուն։

Կիրակի առտու մը, 1915 ապրիլ 12-ի աղետալի կիրակին՝ շշնկոց մը տարածվեցավ թաղին մեջ։