Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/657

Այս էջը հաստատված է

− Իմացա՞ր երեկ գիշերվան եղածը։

− Ի՞նչ է եղեր։

− Կես գիշերին եկեր պարոն Սուսերյանցը ձերբակալեր են իր տան մեջ։

− Ինչո՞ւ համար։

− Հայտնի չէ… բայց միայն ատիկա չէ․․․ վարժապետն ալ բռներ են…

− Ո՞ր վարժապետը, Թորգո՞մը։

− Այո՛… հետո նույնիսկ Մարգար էֆենտին։

− Ի՞նչ կըսես, եղբա՛յր…

− Ընկեր Կայծունին ալ բռներ տարեր են…

Այս բոլոր տեղեկությունները, որոնք հետզհետե կհասնեին, ահ ու սարսափ սփռեցին ամբողջ թաղին մեջ։

− «Պայքար Լսարան»-ին մեջն ալ խուզարկություն կատարեր են ու բոլոր թուղթերը ժողվեր տարեր են… անդամներն ալ կփնտռեն եղեր,– ըսավ նորեկ մը։

− «Շանթ Ակումբ»-ի անդամներն ալ ձերբակալված են,− գուժեց ուրիշ մը։

− Կեդրոնատեղին ալ հսկողության ներքև առնված է, ես հեռվեն տեսա, որ դռան առջև ոստիկան մը կսպասեր։

Նույն օրը այսպես ամբողջ թաղեցիները սոսկումի մեջ անցուցին։ Հետո լսվեցավ, որ ուրիշ թաղերու մեջ ալ նմանօրինակ ձերբակալություններ եղած են։ Եվ պակուցումը տիրեց ամեն կողմ։ Թաղականներեն ո՛չ ոք կհամարձակեր եկեղեցի երթալ, սրճարաններն ալ պարպված էին և ամեն մարդ կանուխ մը իր տունը կքաշվեր՝ սարսափահար։

Քանի մը օր ետքը ձերբակալվեցավ նաև Պողոս էֆ, ինչ որ սարսափը ավելի սաստկացուց։

Կըսվեր, թե բոլոր ձերբակալվածները հեռավոր վայրեր աքսորված էին, նույնիսկ պնդողներ կային, թե իրենցմե մեկ մասը կախված էին կեդրոնական բանտին մեջ։

Տիկին Շազիկ և տիկին Սաթեն, հուսահատության մատնված, ասդին-անդին դիմումներ կընեին՝ իրենց ամուսինները ազատելու համար։

Շնորհիվ ազդու միջամտություններու՝ Պողոս էֆենտի և Մարգար էֆենտի հաջողեցան քանի մը շաբաթեն ազատիլ և վերադառնալ իրենց տունը։