Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/659

Այս էջը հաստատված է
ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅԱՆ ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐԸ
Ա
ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԳՈՐԾԻՉԸ

Ութ տարիե ի վեր ասդին-անդին տեսած ու լսածներովս կրցած էի քիչ շատ գաղափար կազմել մեր մեջ հեղափոխական շարժումեն ծնած կարգ մը հարանուններու նշանակության մասին։ Այսպես՝ գիտեի, թե ինչ է տեռոր մը, գործիչ մը, հերոս մը, ընկեր մը, խմրապետ մը, հայդուկ մը, ավազակապետ մը, լիազոր ներկայացուցիչ մը և այլն և այլն։ Ինչ որ չէի կրնար ըմբռնել կամ չէի ըմբռնած տակավին, ան ալ «Արտասահմանի գործիչ»-ն էր, և ասիկա բնական է, որովհետև ինչպես անունեն ալ կերեևնա, այդ տիպարն անկարելի էր Տաճկաստանի մեջ գտնալ։ Երբ պարագաները զիս դուրս նետեցին Վոսփորի ափերեն, եթե ոչ առաջին՝ գոնե հետին մտածումներես մին եղավ− «Լա՛վ, հիմա պիտի կրնամ վերջապես տեսնել արտասահմանի գործիչ մը»։

Աթենք գտնված միջոցիս հոնտեղի ծանոթներուս հարցուցի․

− Ձեր մեջը բնավ արտասահմանի գործիչ չի կա՞։

− Չէ՛, հատ մը կար, գնաց։

− Ի՞նչպես մարդ է արտասահմանի գործիչը, ի՞նչ կընե,− հարցուցի միամտորեն։

− Մեզի պես մարդ է, քիթ ունի, ականջ ունի, բերան ունի, կուտե, կխմե, կպառկի,− պատասխանեցին խնդալով։

Այս բացատրությունը գոհացուցիչ չէր, ու միշտ անորոշության մեջ մնացած էի արտասահմանի գործիչին մասին։