եթե մի քիչ ավելի գտնվեր մեր ազգում, փրկության գործը տարբեր հանգամանք էր առնում։
Վեց հոգի հինգական ղուրուշ տվին։ Կակայանց դժգոհ կերպարանքով մը դրամը գրպանեց ու ելավ գնաց։
Ամիս մը ետքը, երբ Գահիրե կգտնվեի, հայկական սրճարանի դիմացեն անցած միջոցիս նշմարեցի Կակայանցը, որ հոն նստած կխոսեր, գլուխը խումբ մը մարդ հավաքած։
Որովհետև լավագույն բան մը չունեի ընելիք՝ ներս մտա։
Հարկ չի կա կարծեմ ըսելու, որ Կակայանց կխոսեր միությո՞ւն՝ թե անջատ գործունեություն, կեդրոնացո՞ւմ՝ թե ապակեդրոնացում և այլն խնգիրներու վրա։
Ես ալ մասնակցեցա վիճաբանության, պաշտպանեցի միության գաղափարը, հետո ցույց տվի, որ անջատ գործունեությանը լավագույնն էր, կեդրոնացումին ի նպաստ խոսեցա և վերջացուցի խոսքս ապակեդրոնացումի առավելությունները պարզելով։ Գիշերը վրա հասավ և միաբերան վճռեցինք, թե հարկ չի կար վիճաբանությունը շարունակելու, քանի որ ամենքս ալ համակարծիք էինք և փորերնիս անոթեցած էր։
Մեկնելու մոտ պարոն Կակայանց ըսավ։
− Կացեք մի քիչ, մի կարևոր պան ունեմ ձեզ ասելու։
Եվ պատմեց, թե «մի նախկին տեռոր», որ այժմ Վառնա կգտնվի եղեր, շատ խեղճ վիճակի մեջ, դիմում ըրեր է իրեն, որպեսզի քանի մը ոսկի ճարե ու ղրկե։ Կակայանց իր ժամացույցը − մի լավ ժամացույց Ժնևի լավագույն գործարաններից մեկից− վիճակահանության դրեր է այս նպատակով։
− Պարոննե՛ր, պետք է մի բան վճարել, դա մի հերոս է, որի նման եթե մի քիչ ավելի գտնվեր մեր ազգում, փրկության գործը տարբեր հանգամանք էր առնում։
Եվ գրպանեն հանեց թուղթ մը, ուր արդեն նշանակված էին նվիրատուներու անուններ․ Ռումբ՝ չորս ղրուշ, Կայծակ՝ երեք ղրուշ, Պատուհաս՝ մեկ ղրուշ, Սուլթանի թշնամին՝ վեց ղրուշ, Վառոդ՝ հինգ ղրուշ և այլն։ Մենք ալ ստիպվեցանք մեյմեկ պզտիկ գումար վճարել կեղծանուններով։ Ես չորս ղրուշ տվի և ստորագրեցի «Նիդրո-Կլիսերին»։