Բավական ժամանակ ետքը շրջաբերական մը ցույց տվին ինծի «պաշտոնական կնիքով»։ Այդ շրջաբերականը կհայտներ, որ իմացված էր, թե Կակայանց անունով մարդ մը, Եգիպտոսի մեջ դրամ հավաքած է հեղափոխական նպատակի համար՝ զանազան խաբեբայական միջոցներով, և դրամը չէ ղրկած կեդրոնական սնտուկին, հետևաբար այդ անձն արտաքսված է կուսակցութենեն։
Հիմա հասկցած եմ, թե ինչ է «Արտասահմանի գործիչ» մը։
Կարճուկ, շա՜տ կարճուկ մարդը մը։ Քառակուսի։ Կատարելապես քառակուսի դեմքով մը, որուն ճակատը թուշին կմիանա ուղիղ, բացարձակապես ուղիղ գծով մը։ Քիչ մը պեխ, աղտոտ հագուստներ, պզտիկ շուն մը ետևեն, ու ահա նույն ինքն է պարոն Զաքեոս։
Զինքը ճանչցա պալքանյան պետության մը քաղքին, մեղա՜, մայրաքաղաքին մեջ։
Երբ իրեն հետ տեսնվելու պատիվն ունեցա, արդեն խմբագրության սկսած էր և իր թերթին, «Համերաշխություն»-ի, երկրորդ թիվը շարելու վրա էր։ Ա՜խ, այդ գիրերը շարելու գործողությունը․ ի՜նչ տանջանքներ տված էր իրեն։ Հազիվ հաջողված էր գտնալ նախկին դերասան մը, որ լուսանկարչություն կըներ այդ քաղքին մեջ, համոզելու համար զինքը, որ իր կոչումը գրաշար ըլլալու է։ Նախկին դերասանը, որ տասներեք անգամ ըլլալով իր անունը փոխած և Փայլակյան հեղափոխաշունչ անունն առած էր, հավաներ էր իր աջակցությունը նվիրել այդ թերթին, որուն իբր թե նպատակն էր միություն առաջ բերել մեր հեղափոխական կուսակցություններով մեջ։
Սեպտեմբերին, իրիկուն մը, պ. Զաքեոս բռնեց օձիքես ու ստիպեց, որ միասին երթանք գարեջուր խմելու առանձին տեղ մը, քաղաքեն դուրս, հեռավոր պարտեզի մը մեջ։