− Քանի՞ տարիե ի վեր հոս ես,− հարցուցի իրեն, երբ կերթայինք ծառազարդ ճամփայե մը դեպի մեր նպատակակետը։
− Տասնըչորս տարիե ի վեր։
− Ինչո՞ւ ձգեցիր Պոլիսը։
− Ա՜խ, իմ պատմությունս երկար է։ Պոլսեն փախա ճիշտ այն միջոցին, ուր զիս տասնըհինգ տարվան տաժանակիր աշխատության պիտի դատապարտեին։ Եվ դատապարտեցին՝ «ի բացակայության»։
− Վատե՜րը,− գոչեցի,– ի՞նչ սուտ ամբաստանությամբ քեզ դատապարտեցին։ Հեղափոխակա՞ն գործի համար։
− Չէ՛,− պատասխանեց պ. Զաքեոս,− չէ՛, այն ատեն դեռ հեղափոխություն չի կար. պարզապես… հրձիգության համար։
− Վատե՜րը, ի՜նչ սոսկալի զրպարտություն։
− Զրպարտություն չէր, անհերքելի վկայություններ կային ինծի դեմ։
Լռեցի։ Դեմինս «անկեղծ» հրձիգ մըն էր։
Լռությունը՝ որ տևեց մեր մեջ՝ պաղ էր, ինչպես հովը, որ կփչեր դեկտեմբերին, Աթենքի մեջ, Հիմեդ լերան կողմեն։
− Պոլիսեն փախա,− շարունակեց Զաքեոս,− և գացի Թրիեսթե, անկե եկա հոս, ուր կգտնվիմ տասնըչորս տարիե ի վեր։
− Ինչպե՞ս թերթ հրատարակելու գաղափարն ունեցար։
− Մարդ մը, որ կծնի, պետք է ապրի մինչև իր մեռած օրը,– պատասխանեց Զաքեոս վճռաբար։− Եթե հրձիգության փորձս հաջողեր, դիտավորությունս էր Պոլսո մեջ նպարավաճառի խանութ մը բանալ․ դժբախտաբար չեղավ։ Երբ հոս եկա, քովս քիչ մը ստակ կար, անով վիմագրատուն մը հաստատեցի և սկսա ապրիլ։ Արդ, վիմագրատունեն խմբագրություն քայլ մը միայն կա և այդ քայլը առի շնորհիվ Խազապբեկյանի։
− Խազապբեկյանի՞։
− Այո՜, Խազապբեկյանի, զոր հոս ճանչցա և որուն «Զանգակ» թերթին հասցեները ես կգրեի։ Այն ատեն տեսա, որ ատ մարդը, ինե ավելի վարպետ, հրձիգութենե շահավետ գործ մը գտած էր հեղափոխական թերթ մը հրատարակելով և կուսակցություն կազմելով։ Բայց Խազապբեկյան տիրած էր հրապարակին և անկարելի էր հետը մրցիլ։ Հիմա կուսակցական երկպառակություններուն