Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/669

Այս էջը հաստատված է

պատճառավ, հարմար ատենն էր մեջտեղ նետվելու և նետվեցա։

Ինչպես կտեսնաք, պ. Զաքեոս անկեղծ էր իր խոսքերուն, ինչպես հրձիգության մեջ։

***

«Համերաշխություն»-ի երրորդ թիվը հրատարակվեցավ և հետզհետե, ամեն ամիս, կանոնավորապես թերթերը լույս կտեսնեին։ Թերթը հաջողություն կգտներ․ աշխարհքի չորս կսղմեն «Համերաշխություն» կուզեին և եթե այսպես շարունակվեր, խե՜ղճ Զաքեոս, հագուստներեն ետքը, կոշիկն ու գլխարկն ալ ծախելու պիտի ստիպվեր՝ թերթը հրատարակելու համար, որովհետև «Համերաշխություն»-ը․․․ ձրի կտրվեր և ճամփա ծախքը խմբագրության վրա էր…

Այո, պ. Զաքեոս, որ թեև Ավետարանի իր անվանակցին հասակը ուներ, բայց ոչ անոր հարստությունը, իր հույսը դրած էր նվերներու վրա միայն։ «Թերթը ձրի է, բայց նվեր շնորհակալութամբ կընդունենք», կգրվեր ատեն-ատեն, մինչ «Համերաշխություն»-ի համակիրները թերթը կուզեին․․․ բայց նվեր չէին ղրկեր հաճախ։

— Ա՜խ, այդ Խազապբեկյանը, նվերի աղբյուրները բոլոր իրեն կքաշե տակավին,— կգոչեր խեղճ Զաքեոս, երբ ձեռնաթափ կդառնար նամակատունեն, ուր հերոսական անպարտելի հույսով մը կշարունակեր երթալ օրը երկու անգամ, նույնիսկ երբ վստահ էր, թե թղթաբերը եկած չէ։

Ու նվերները, որ կուգային ցանցառ-ցանցառ, չեմ գիտեր ինչ հրաշքով, ճղճիմ բաներ էին։ Երեք ֆրանք Պուլկարիայեն, կես տոլար Ամերիկայեն, հինգ ղուրուշ Եգիպտոսեն, զորս գանձելու համար ամոթով կմոտենար խեղճը՝ դրամ վճարող պաշտոնյային, որ ծաղրական ժպիտ մը շրթունքին վրա կուտար իրեն, ողորմաթյան մը պես, այդ ֆրանքները կամ կես տոլարը, կամ հինգ ղուրուշը։

***

Որո՞ւ պիտի քավեին այդ խղճուկ նվերները, լուսանկարչությունը ձգող նախկին դերասան գրաշարին պահա՞նջը կարգադրելու,