պոռայիր կանչեիր… մինչև որ էտեպսիզություն չընես, անոնք փարա չեն իտար… Խուզիի պես ծանդ քաշես նստիս նե՝ հելպեթ չեն իտար: Քա, վա՞խ, զավալլը, ասանկ օրով, փարասըզ ձգել… գետինն անցնին, սա ինչ վիճտանսըզ մարդիկ են եղեր… տալըս կըսե նե հախ ունի, մարդկությունը աշխարհքես վերցեր է… քա, վախ, վախ, վախ… էլ բեք գեշ եղա, քուրուկ, աս ինչ պան է գլխուդ եկավ…
− Ել տուն երթանք, աղջիկս,− ըսավ, Սաթենիկ, Սիրվարդի ձեռքը բռնելով, որպեսզի վերջ տա այս անախորժ խոսակցության։
Շաղիկ հանըմ, որ այսպես կողբար Սաթենիկի վիճակին վրա, այն կինն էր, որ Աղքատախնամի կողմեն եկող քննիչին հաղորդեր էր դրացիներու կասկածները Գարեգինի և Սաթենիկի սիրային հարաբերություններու մասին, կասկածներ, որոնք միայն իր երևակայության մեջ ծնունդ առած էին և որ սակայն իբրև հանրային կարծիք կներկայացներ։
Երբ Սաթենիկ իր աղջկան, փոքրիկ Սիրվարդի հետ վերադարձավ տուն, Գարեգին հոն էր։ Երիտասարդը, երբ այսպես օդը գեշ ըլլար կիրակի օրերը, իր սենյակը նստած՝ ընթերցանությամբ ժամանակ կանցներ։ Սրճարանի կյանքը հաճելի չէր իրեն, մանավանդ որ, մենասեր ըլլալով, բարեկամական հարաբերություններ չէր հաստատած իրեն տարեկից երիտասարդներու հետ, ուստի կնախընտրեր կիրակիի ազատ ժամերը օգտակարապես գործածել, զանոնք ինքնազարգացման զոհելով։
Պատմական գիրքի մը ընթերցումին մեջ թաղված էր, երբ որ լսեց տան դռան բացվելը և Սաթենիկի ներս մտնելը։ Գիտեր, որ Աղքատախնամեն կուգար և կուզեր իր դիմումին արդյունքը իմանալ, քանզի խեղճ կնոջ թշվառ վիճակը, որուն ականատես վկան էր ամեն ժամ, զինքը սաստիկ կտագնապեցներ, մանավանդ որ իր ալ նյութական միջոցները չէին ներեր ուզածին պես օգնելու իր բարեկամին այրիին ու աղջկանը։ Մեծ հույս ուներ նույն օրվան Սաթենիկի դիմումին վրա։ Անկարելի կթվեր իրեն, որ Աղքատախնամը չփութար օգնության հասնելու այսքան իրապես թշվառ կնոջ մը, որուն վիճակին վրա ալ նախապես քննություն մը կատարված էր։
Ուստի երբ Սաթենիկ վեր ելավ, Գարեգին անմիջապես գիրքը բազմոցին վրա դրավ և սենյակին դուռը բանալով, ըսավ.
− Դո՞ւք եք, տիկին, կհուսամ, որ ձեր խնդիրը հաջող կերպով կարգադրվեցավ… գոնե կարևոր նպաստ մը որոշեցի՞ն: