Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/673

Այս էջը հաստատված է

Տգետ, անխելք, նյութապես անկարող, ֆիզիքապես անշնորհք, ամենեն արհամարհված, երկչոտ մարդ մը՝ անծանոթ մնալու բոլոր օգուտներով օժտված, որ ինքզինքը հանձնարարելու համար բան մը չունի, որ իր ոչնչության գիտակցությունը ունի և որ սակայն կուզե հանրային դեր մը խաղալ, թե՜րթ հրատարակել, կուսակցություն կազմել, հրամանին տակ մասնաճյուղեր ունենալ, հրահանգներ տալ և… նվերներ առնել, վերջապես, մակաբույծ մը, բայց մեծկա՜կ մակաբույծ մը ըլլալ։ Արդարև, խե՜ղճ մարդ։

Իր անհաջողության պատճառները երբեմն կփնտռեր Զաքեոս,− «Նախ ժողովուրդը առջինը չէ,− կըսեր,− հետո ես գեշ ըրի, գործի սկսելե առաջ՝ պետք էր տարիի մը չափ գավառները երթալ, սանկ, ինչպե՞ս ըսեմ, նախկին գործիչի մը համբավ շինել և ետքեն թերթ հրատարակել։ Հեղափոխական կյանք չունենալս շատ սախտե կուտա կոր ինծի․․․ Ասկե զատ, շիտակը ըսե՞մ, հասակիս կարճությունը և կզակիս ձևը գործը կավրեն կոր. ո՞ւր էր, որ երկայնահասակ մեկը ըլլայի, առատ մազերով, խոշոր մորուքով… Խազապբեկին պես բան մը։ Հետո, հետո… մեյ մը Ժնև գացած չըլլալս… ի՞նչ կըլլար, փոխանակ Թրիեսթեեն ուղիղ հոս գալու, Ժնևի ճամփով դառնայի… ան «սոցիալ-դեմոկրատի»[1] պես բառերը տեսա՞ր մի, ահա անոնք են քսակներու բանալիները, անոնք՝ նվեր բերողները…

− Անոնց ալ մոտան անցավ, պարոն Զաքեոս։ Գալով հասակիդ, Հուլիոս կեսար, Նաբոլեոն աոաջին, պարոն Թիեռ, անոնք ալ կարճահասակ էին…

− Այրած սրտի մխիթարա՜նք… ես ըսածս գիտեմ։ Տե՛ս անցած օր ի՛նչ պատահեցավ։ Սրճարանը նստած էի, եկան փնտռեցին, ըսելով, որ երկու շնորհքով մարդ «Համերաշխություն»-ի հրատարակիչը տեսնել կուզեն անպատճառ։ Լուրը բերողը ըսավ, որ նվեր տալու խոսք ըրեր են։ Խենթի պես վազեցի խանութս։ Քիչ մը ետքը պիտի գան եղեր, վերջապես եկան։

− Ո՞ւր է պարոն Զաքեոսը, «Համերաջխություն»-ի հրատարակիչը,– հարցուցին ինծի։

− Ե՛ս եմ,− պատասխանեցի։

  1. Նկատի ունի հնչակյաններին։ Կազմող։