Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/674

Այս էջը հաստատված է

− Դո՞ւն… դուն թե՞րթ կհրատարակես,− ըսավ մին կես մը խնդալով։

− Այո՞, հրամմեցեք նստեցե՛ք, սուրճ մը առե՛ք։

− Ո՛չ, շնորհակալ ենք, ստիպողական գործ ունինք, մնաք բարով, հաջողություն կմաղթենք։

Ու ելան գացին։

Ետքը իմացա, որ ծանոթներուս մեկուն ըսեր են․ «Միտք ունեինք նվեր մը ընելու, բայց, շիտակը, իր կերպարանքին, չհավնեցանք․ ատ մարդը ինչպե՞ս խմբագրություն կընե»։

− Կերպարանքիս չե՜ն հավներ, անպիտաննե՜ր, փեսա՞ փնտռելու եկաք, թե նվեր տալու… զարմացեր են, թե ինչպե՞ս խմբագրություն կընեմ… կարճահասակ մարդը խմբագություն չի՞ կրնար ընել… սանդուխի մը վրա կելլա՜մ ու անանկ կընեմ խմբագրություն… ապերախտ ազգ…

***

Երկու տարի է, որ մեկնած եմ այդ քաղքեն ու չեմ գիտեր, թե «Համերաշխություն»-ը դեռ կհրատարակվի՞։ «Համերաշխություն» չկարդալս անշուշտ զրկանք մը չեմ համարեր ինծի համար, բայց անհուն ձանձրույթի վայրկյաններուն, որ կունենամ երբեմն, կարոտը կքաշեմ Զաքեոսին, որուն տեսքն ու խոսակցությունը հաճախ զվարթություն տված են ինծի։

Բալյաչո մըն է, որ ծերունի հոր դերը խաղալ կուզե. ահա իր սխալը։

Անարդար եղա իրեն նկատմամբ, երբ հեղափոխության մակաբույծներուն մեջ դասեցի զինքը, իր նպատակը շեշտել ուզելով ավելի։ Ստուգապես՝ Զաքեոս հեղափոխության… զոհն է։

Գ
ՈՐ ՄԵՆՔ ՀԵՐՈՍ…

− Զավակ ունի՞ս։

− Այո՞, պարո՞ն, երկու մանչ, բայց մեծը նշանավոր բան է… ճիշտ ինծի կնմանի։

Ալեքսանդրիա, Շերիֆ փաշա փողոցը քալած ժամանակնիս այս