հարցումը կուղղեի ու այս պատասխանը կընդունեի Վարդհոգյանեն, որ նոր հասած էր Ալեքսանդրիա՝ Գահիրե պիտի երթար։
Պանքայի ցույցեն քանի մը ամիս ետքը, կարծեմ հունվարի մեջ էր, երբ իմացանք, որ ընդհանուր ներում եղեր է։ Լուրը տարածվելեն քանի մը օր ետքը՝ ուրիշ լուր մըն ալ տարածվեցավ։
− Իմացա՞ք։
− Ի՞նչ։
− Վարդհոգյանն ալ ազատեր է ու Կիպրոս գացեր է, անկե ալ Ալեքսանդրիա պիտի գա եղեր։
Օր մըն ալ ըսին.
− Կուգա կոր․․․ եկա՜վ։
Ու ահա լայն ու երկայն ցցված ականջներով, խոշոր քիթով, հերկեն դարձող հոգնած եզի տարտամ նայվածքով, գլխուն զարկած մեկը ներկայացուցին մեզի ըսելով.
− Պարոն Վարդհոգյան, մեր անդրանիկ հերոսներեն մեկը։
− Որ մենք հերոս,− ըսելով Վարդհոգյան սկսավ խոսիլ…
Բայց ես արդեն հեռացած էի։
Չէ՛, ա՛լ չէի կրնար համբերել։ Պոլսեն մեկնելես ի վեր այս քսաներկուերորդ հերոսն էր, որ ցույց կուտային ու մինչև կոկորդս լեցած էր հերոսով։
Հերո՜ս…
Հրացանը ուսը զարկած, մեջքը ատրճանակ ու դաշույն, կայտառ մարդ մը, պեխերը մինչև ականջն ի վեր, վառ աչքեր, խիզախ աներկյուղ կերպարանքով, որուն տեսքը հույս մըն է իրեններուն ու սարսա՜փ՝ թշնամիներուն համար։ Լեռները կապրի ան, իրեն պես կտրիճներու հետ։ Սուրհանդակին վրա կհարձակի, բանտերը կկոխե ու անմեղ բանտարկյալները կազատե, չարագործ հարստահարիչները կսպաննե, անզոր գեղացիները կպաշտպանե. ինքը՝ առանձին՝ պատերազմ կմղե իշխանության դեմ։ Չըլլալիք բաներ կպատմվին իր վրա, չըլլայիք բաներ, որոնք բան մը չեն իր ըրածներուն քով։ Ու իրիկունը, երբ աղջիկները կդառնան դաշտեն, իրենց անուշ ու սիրատարփ նայվածքը ուղղելով դեպի լեռը, ուր կգտնվի ան, սրտատրոփ ու երկյուղած կնային երկայն ու կաղոթեն։ Անիկա չի՛ բռնվիր, չի՛ բանտարկվիր, չի՛ նախատվիր, չի՛ ծեծվիր, չի՛ մեռնիր…
Ահա ինչպես կերևակայեմ Հերոսը։ Ու եղած են այսպեսներ մեր վերջին տարիներու թախծագին պատմության մեջ։