Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/677

Այս էջը հաստատված է

- Աֆերի՜մ, քեզ տեսնամ:

Տնօրենին ձեռքը, փեշը, հողաթափը համբուրելե ետքը` դուրս կելլե մեր բանտարկյալը։ Ալ ազատ է։ Շունչը կառնե կամ Հունաստան, կամ Կիպրոս, կամ Եգիպտոս:

Հիմա հերոս մըն է անիկա ու կռթնած իր հերոսության՝ քաղքե քաղաք կպտտի ստակ հավաքելու իրեն համար:

Արդարև մուրացկանության հերոս մը… Այդ կարգին էր նաև Վարդհոգյանը, ու ատոր համար երբ խոսիլ սկսավ, ես արդեն հեռացած էի։

***

Սակայն քանի մը օր ետքը բարեկամներես մեկը ըսավ ինծի.

- Տեսնվե անգամ մը Վարդհոգյանին հետ, հետաքրքրական տիպար մըն է, որ կարժե ուսումնասիրել։

- Անտանելի է, եղբա՛յր։

- Գիտեմ որ անտանելի է, բայց միմիայն ի սեր արվեստին, ի սեր գրականության ըրե՛ այս բանը,− պնդեց բարեկամս խնդալով.− հավատա՛, որ օգտակար գործ մը ըրած կըլլաս, եթե այդ տեսակ տիպարներ քիչ մը փորձես հասարակության ճանչցնել։ Գիտեմ, որ Վարդհոգյանի հետ ժամ մը տեսնվելով մեծ զոհողություն մը պիտի ընես, բայց հանուն հայրենասիրության, հանուն հեղափոխության ըրե՛ ասիկա։ Ապագա սերունդը քեզի հերոսի տիտղոսը պիտի տա ապահովապես այդ անձնվիրությանդ համար և, ո՜վ գիտե, գուցե Բաղեշի կամ Էրզրումի հրապարակներեն մեկուն մեջ արձանդ կանգնե։

Այդ հեռապատկերը շլացուց զիս ու ահա ասոր համար Վարդհոգյանին հետ Շերիֆ փաշայի փողոցեն միասին կերթայինք դեպի կայարան։

- Ի՞նչ պիտի ընես Գահիրե,− հարցուցի իրեն, խոսք մը ըրած ըլլալու համար:

- Որ մենք հերոս, պետք է տեսնենք, քննենք և ուսումնասիրենք ամեն բան մեր աչքով,− պատասխանեց Վարդհոգյան կոշտ ու ինքնավստահ արտասանությամբ մը։− Ասկե զատ,− ավելցուց,− ժողովուրդը պետք ունի քաջալերության, պետք է տեսնա իր հերոսները և քաջալերվի։