− Հիմա ես Պահչե-Քաբու սարաֆ Պողոս աղային գրագիրը չեմ… ատանկ մարդ չեմ ճանչնար, ավազակ բուրժուաներու հետ գործ չունիմ, ո՛չ ալ անունս Կարպիս է… Հիմակ, բարեկա՛մ, դաշնակցական նախկին գործիչ մըն եմ, Դաշույն Արտունի…
Ու Կարպիս այս վերջին բառերը արտասանեց աչքերը այլանդակորեն դարձուցած, ձայնին չեմ գիտեր ինչ ռմբային հնչունություն մը տալով։ Վառոդի հոտ մը կարծես տարածվեցավ սրճարանին մեջ։
− Ես,− շարունակեց,− պարսկական սահմանագլխեն ներս մտած եմ, հայդուկախումբեր կազմակերպած եմ, քյուրդեր սպանած եմ, բանտարկված ու շղթաներս կոտրելով փախած եմ․․․ Ահա ես ասանկ մարդ մըն եմ հիմա…
− Ինչո՞ւ համար այդ ամենքը,− հարցուցի միամիտ շեշտով մը՝ որուն մեջ սակայն կրցա քիչ մը հեգնություն խառնել։
− Ինչո՞ւ համար․․․ որովհետև սարաֆ Պողոս աղան խանութը գոցեց և ես բացը մնացի ու ալ Պոլիս չէի կրնար ապրիլ։ Գացի գտա մեր դաշնակցական ներկայացուցիչը, ան, որ անունս իր տետրակին մեջ նշանակած էր իբրև անկախ Հայաստանի ապագա պաշտոնյաներեն մեկը, և խնդրեցի, որ օգնություն մը ընե ինծի, որպեսզի կարենամ Պոլիսեն դուրս գլխիս ճարը նայիլ.− «Նյութապես բան մը չեմ կրնար ընել» պատասխանեց, «բայց քեզի նախկին գործիչի լավ վկայական մը կուտամ, անով կրնաս ապրիլ արտասահմանի մեջ։ Առի վկայականը ու եղա նախկին գործիչ մը, բայց դժբախտաբար հոս ալ շատ դաշնակցական չի կա. եղողներն ալ, ինծի պես, կամ նախկին գործիչ են, կամ հայդուկ, կամ տեռոր…
− Գոնե հոս հասնելուդ պես ըսեիր, պանքան մտնողներեն ես։
− Մտածեցի ատիկա, բայց դեպքը շատ նոր է… քիչ մը ատեն անցնելն ետքը՝ ե՞ս ալ պիտի մտնամ պանքան մտնոդներուն մեջ… թեև քիչ մը աճապարելու է, որովհետև արդեն պանքայի հերոսներուն թիվն ալ քառասունը կանցնի կոր։ Հիմակուհիմա յոթանասուններեն եմ…
− Ի՞նչ յոթանասուն։
− Չե՞ս գիտեր, եղբայր, սա մյուս յոթանասուն հերոսները, որոնք մազ մնացեր է մյուսներուն հետ պանքան պիտի մտնան եղեր, բայց վայրկյան մը ուշ հասեր ու դռները գոցված գտեր են։