Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/686

Այս էջը հաստատված է
***

Կարպիս չկրցավ Աթենք ու Բիրե երկար ատեն շահագործել իր վկայականը և մեկնեցավ Եգիպտոս, ճիշտ այն միջոցին, ուր Ալեքսանդրիա կսպասեին պանքան մտնող երեք վիրավորյալները, որոնք՝ ապաքինած ըլլալով՝ ճամփա պիտի ելլեին Պոլսեն գալու համար։

Մեկնելեն առաջ Աթենքեն Կարպիս նամակով կիմացնե, թե վիրավորյալներեն ետքը տակավին Պոլիս պիտի մնան և մին միայն, որ Աթենք հասած է արդեն, իր նամակին հետ շոգենավ պիտի մտնե դեպի Եգիպտոս։

Այդ նախապատրաստությանեն ետքը, երբ որ Կարպիս կուգա Ալեքսանդրիա, ոչ մեկուն մտքեն կանցնի հարցնե իրեն, թե «Դո՞ւ ես, որ գալոցն ես, եթե այլում ակն կալցուք»։ Եկած վայրկյանեն անվիճելի, անկասկած հերոսներեն մեկը կլլա։ Կուսակցության լիազոր ներկայացուցիչը, պ. Կակայանց, ցնծության մեջ է։ Երևակայեցեք տոնավաճառի մեջ ցուցանքներ ի տես դնող մեկը, որ վեց ոտքով ու երկու պոչով կով մը ձեռք կձգե։ Ա՛լ Կարպիսին թևն ի վար կախված կշրջի ու կշրջի Ալեքսանդրիայի փողոցները։

− Բանկայի հերոսներեն մին…− կգոչե դեմը ելլողին։

Ու այսպես Կակայանցի հովանիին տակ, Դաշույն Արտունի կներկայանար բոլոր այն շրջանակներուն մեջ, ուր հերոսը կուտե, կխմե, կպատվվի ու նվերներ կստանա, քանի մը քաջագործությանց պատմության փոխարեն։

Ալեքսանդրիայի եկեղեցիին բակը հանդիպեցի իրեն, օր մը, ճիշտ այն միջոցին, ուր քսան ֆեդայիի հետ քյուրտի գեղ մը արշավելու վրա էր. Ականջ ու աչք կտրած տասնի չափ ունկնդիր բրաբիոն մը կազմած էին շուրջը։ Ինք ներշնչված, քիչ մըն ալ օղիեն գլուխը տաք, կպատմեր ու կպատմեր անընդհատ։

− …Ճիշտ կես–գիշերին ամենքս ալ նետվեցանք ձիերուն վրա ու Անգո ձորին բարձունքեն իջանք դեպի դաշտ։ Ամբողջ ձորն ու դաշտը լեցված էր թյուրք զինվորներով ու համիտիեներով, որովհետև լուր առած էին, թե ֆեդայիի խումբ մը քրտի գեղերը պիտի կոխե գիշերը։

− Ես կերթայի տղոց աոջևեն, մարթինին ձեռքս բռնած, խոշոր դաշույն մը բերանս, ու մեյ մեկ ռևոլվեր ճիզմեներուս մեջ,