Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/688

Այս էջը հաստատված է

− Չէ՛, եղբայր մեր մեջը ապակեդրոնացում կա․․․ ամեն տեղի դրամը այն տեղի մարդոց համար է, անոնք միայն կրնան և իրավունք ունին․․․

Գլխով հարցական շարժում մը ըրի։

− ․․․ Մատակարարելու,− հառաչեց Կարպիս։

Ե
ԿԵՂԾ ԼՐՏԵՍԸ

− Մյուսյու Ժաքը պակաս է այս գիշեր,− ըսավ տանտիրուհին, երբ թղթախաղին սեղանը սարքվելով՝ տասնի չափ հյուրերը բոլորեցան շուրջը։

− Աս իրիկուն տեսա զինքը Շիտակ ճամփան, երկայն ֆեսով մեկու մը հետ կերթար կոր,− պատասխանեց Մարկոս էֆենտի, թուղթերը խառնելով։

− Երկա՞յն ֆեսով,− շեշտեց մեկը։

− Այո՛, կարծեմ տաճիկ էր։

− Իրա՞վ է, որ խաֆիեները երկար ֆես կդնեն,− հարցուց օրիորդ Զարուհի, ձայնը սովորականեն ավելի ցած հանելով։

− Անանկ կըսեն կոր։

Թուղթերը բաժնվեցան, խաղը սկսավ և սակայն տարտամ մտատանջություն մը կար ամենուն քով։ Երկար ֆեսով մարդը մյուսյու Ժաքին հետ սկսած էր անհանգիստ ընել զիրենք։

− Դեպի վե՞ր կերթային կոր,− հարցուց մին, խոսքը Մարկոս էֆենտիին ուղղելով։

− Չէ՛, դեպի վար։ Ուշ մնացածի պես կքալեին կոր։

Պատասխանը, փոխանակ հանդարտեցնելու, ավելի հուզեց ունկնդիրները։

− Ո՞ւր կերթան դեպի վար,− հարցուց գրեթե ինքնիրեն Սարգիս էֆենտի, կնճռոտ ու անլուծելի հարցի մը դիմաց գտնվողի երկմտությամբ։

Խաղը կշարունակվեր, բայց միտքերը խռոված էին։

− Շիտակ ճամփան ո՞ր կողմը տեսար սա մարդը։

− Ռուսիո, դեսպանատան առջևները։

− Ժամը քանի՞ին։