Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/690

Այս էջը հաստատված է

− Շիտակը ըսեմ, տիկի՛ն,− պատասխանեց Կարապետ էֆենտին,− ես արդեն սա մարդեն կկասկածեի կոր քիչ մը։ Ինչո՞ւ, չեմ գիտեր, բա՞ն մը լսած եմ, չեմ լսած, բա՞ն մը տեսած եմ, չեմ տեսած… բայց կկասկածեի կոր։ Զգուշանալու է, էֆենտիմ, զգուշանալու է։ Հիմակ անանկ ատեն մըն է, որ մարդ ինքզինքեն անգամ կկասկածի կոր։

− Մինչև հիմա բան մը չըսի,− խոսք առավ անդիեն ծերունի մը,– բայց քանի որ տեղը եկավ, ես ալ ըսեմ, որ ատ մարդուն վրա բնա՛վ վստահ չէի։

− Իրա՛վ է,− վրա բերավ Մարկոս էֆենտի,− գիտես քի բան մը ունի վրան։

− Երբեմն կամուրջին վրա կտեսնամ, արագ-արագ քալելով կերթա,− ըսավ ուրիշ մը։

− Օր մը Պեյխոզ հանդիպեցի իրեն։

− Պեյխո՞զ… Պեյխոզ ի՞նչ գործ ունի։

− Անոր մայրը արդեն ժամանակին շատ խոսված կնիկ մըն էր։

− Հապա հա՞յրը, երկու անգամ թոփ նետած է։

− Աղբարն ալ վերեմեն մեռավ։

− Շատ երես տալու չէ, վարպետությամբ մը ոտքը կտրել տանք մեր տունեն,− եզրակացուց տանտերը,− հոս ալ գա նե՝ նայեցեք անզգուշությամբ վտանգավոր խոսք մը չփախցնեք բերաննուդ։

Մյուսյու Ժաքին խաֆիե ըլլալը այսպես հաստատվեցավ և վճռվեցավ։

***

Ամենեն անվնաս մարդերեն մեկն էր մյուսյու Ժաք։ Երեսուն տարեկան պարապ պտտող Բերացի երիտասարդ մը, որ ցերեկը անկողինը կանցներ իր ժամանակը ու իրիկվան դեմ դուրս կելլեր սրճարան երթալու և քանի մը օղի խմելու համար։ Գիշերն ալ կամ Քոնքորտիայի ու Բալե Քրիսթալի ֆուայեները կսլքտար, կամ ծանոթ ընտանիքներու տունը բոքեր խաղալու կերթար։ Ապրուստի որոշ միջոց մը չունենալով՝ ընդհանրապես փոխառություններով կամ թղթախաղեն շահած դրամովը կապրեր։ Հայկական խնդիրը այնչափ կշահագրգռեր զինքը, որչափ Չինաստանի երկաթուղիներուն խնդիրը։ Ամեն անգամ, որ սրահի մը մեջ օրվան խնդիրներուն