վրա խոսք բացվեր, անդիմադրելի պզտիկ քուն մը կուգար վրան, զոր միայն թղթախաղի սեղանին մեջտեղ բերվիլը կրնար վանել։
Ընտանիքներու մեջ սիրով կընդունեին զինքը, նախ՝ լավ բոքեր խաղացող մը ըլլալուն, երկրորդ՝ միշտ քովը անտիպ բամբասանք մը գտնվելուն համար։ Ամեն անգամ որ տանտիրուհին− «Մյուսյու Ժաք, ի՞նչ նոր լուր» հարցներ, մյուսյու Ժաք պատրաստ ուներ էրիկ-կնկան կռիվ մը, բոքերի առթիվ ծագած վեճ մը, ետ եղած նշանտուք մը կամ ամուսնացած կնոջ մը արկածները իր սիրահարին հետ։
− Ո՜ւր տեղեն ալ կիմանաս,− կըսեին ունկնդիրները հիացմամբ, որուն մյուսյու Ժաք խորհրդավոր ձևով մը կպատասխաներ․
− Խուշը խապար կբերե ինծի։
Արդ, մեր վերը հիշած խոսակցութենեն շաբաթ մը ետքը ամբողջ Բերայի մեջ տարածված էր, թե մյուսյու Ժաք լրտես մըն է, թե ամեն օր Զապթիե կերթա ու միշտ խաֆիեներու հետ կպտըտի։ Ինք դեռ բան մը չէր իմացած իր վրա պտտած զրույցներեն։ Ծանոթները կշարունակեին ընդունիլ զինքը, բայց առջի մտերմությունը, առջի անփույթ խոսակցությունը չկար իրեն հետ։ Սենյակե մը ներս մտած միջոցին սկսված խոսակցությունները կդադրեին և տանտիկինները լուր չէին հարցներ իրեն։
Իր լրտես ըլլալը առանց դժվարության, առանց քննության, ընդունված էր ամենեն։
− Վա՞յ, ան այ խաֆիե եղեր է,– ըսեր ու անցեր էին։
Վերջապես, շշուկը հասավ մյուսյու Ժաքին ականջին.− «Ե՞ս, խաֆիե՞․․․», և խեղճը զարմանքեն ու բարկութենեն ինքզինքը կուտեր։ Գնաց ծանոթներուն տունը, բողոքեց այդ զրպարտության դեմ։ Ամենքն ալ գրեթե միևնույն խոսքերը ըրին իրեն.
− Մյուսյու Ժաք, կարևորություն մի տար, թշնամիիդ մեկը բան մըն է ըսեր է։ Մեր ականջն ալ հասավ ատանկ խոսք մը, բայց մենք չե՞նք ճանչնար քեզի։
Ու մեկնելեն ետքը.
− Անամո՜թ, երես ունի տե բողոքելու ելեր է․․․ ա՜լ ասոր վրա աղեկ մը համոզվեցա խաֆիե ըլլալուն։
Մյուսյու Ժաք իր բողոքներուն անզորությունը տեսնալով՝ ուրիշ միջոցի դիմեց։ Սկսավ ազգասիրական հովեր առնել։