Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/697

Այս էջը հաստատված է

Սիկարեթը արդեն լմնցած է և ուրիշ մը կհաջորդե անոր։ Սիկարե՞թ կդիմանա ասանկ խոսակցության, ասանկ հերոսին։

Բերանը բաց, ականջը տնկած, հիացիկ, Սիսակ Անկախյան երկու-երեք տարիե ի վեր մտիկ կըներ բոլոր այդ խոսքերը, որոնք իրարու կնմանեին՝ այծյամի մը երկվորյակ ուլերուն պես։

***

Հիմա դառնանք մեր պատմության։ Սիսակ երբ համոզվեցավ, «Դրոշակ»-ի ընթերցումեն ետքը, որ դարձյալ անվավեր հերոսի մը զոհ գացած է, բարկությամբ դարձավ իր խանութը, ուր ժամադիր էր Միքոյի, անոր հանձնելու համար բարեկամեն առնելիք ստակը։

− Ասանկ խաբեբայություն չըլլար, պետք է, որ բացատրություն մը ուզեմ իրմե. հերիք քթիս խնդաց երկու շաբաթ է ի վեր…

Միքոն երևցավ խանութին առջև, որոշյալ ժամեն քառորդ մը առաջ։

− Ի՞նչ լուր, սիկարա մը տուր նայինք, սա լուցկին ալ անցուր, խահվե մը չե՞ս ապսպրեր։ Օ՛ֆ. հոգներ եմ պե. ի՜նչ տաք կընե կոր այստեղ։ Դուն ալ խանութիդ մեջը կփակվիս կմնաս կոր, աղբար, ո՞ւր է, ըսիր որ ծովին եզերքը տեղ մը կա եղեր, հոն պիտի երթայինք… պաքո՞ս է, մաքո՞ս է, ինչ խառնախսի է… Ես աս տաքերուն չեմ դիմանար կոր… չեմ վարժված։ Սա աթոռը տուր։ Միքոն նստավ և շարունակեց խոսքը.

− Ի՞նչ ըրիր, գացիր տեսա՞ր մարդդ, ստակը տվա՞վ. չէ նե մի գայլու ավետարան կարդաց։ Ի՞նչ այդչափ դժվարություն կընե կոր երկվընե ի վեր… իբր թե մեծ բան մը ըլլար տալիքը։ Թող չի տա պե, թող չի տա, վազ անցանք, աստված ողորմած է, անոթի չենք մնար… տվա՞վ։

− Չէ՛, չտվավ,− պատասխանեց Սիսակ չոր, կտրուկ ձայնով մը։

− Չտվա՞վ․․․

− Դուն ինծի չըսի՞ր, որ Շատախցի Միքո խմբապետն ես, Վանեցի Արշակին ու Վազգենի ընկերը։

− Է՛յ, հա՛, ըսի։