Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/70

Այս էջը հաստատված է

չէր այս միության, թե անոր կամքին հակառակ կկատարվեր, տղուն ստիպումներուն վրա և թե այս առթիվ բավական բուռն վեճեր տեղի ունեցած էին մոր ու զավակին միջև։

Իրավ ալ վերջին օրերս Լևոն միշտ առանձին այցելած էր Ղուկաս էֆենտիի տունը, տիկին Անթառամի բացակայությունը վերագրելով անհանգստության մը։ Տիկին Թագուհի և աղջիկը առջի օր գացեր էին պանդոկ հիվանդտեսի, սակայն հիվանդը դուրս ելած էր, ինչ որ ցույց կուտար, թե այդ անհանգստությունը պարզ պատրվակ մըն է։ Տիկին Անթառամի այս ընթացքը անուշադիր չէր անցեր Ղուկաս էֆենտիի և կնոջ աչքերեն և միակ սև կետն էր, որ կմնար հորիզոնին վրա:

Արդարև տիկին Անթառամ բավական բուռն ընդդիմության մը ցույց տվեր էր զավակին, մասնավորաբար դրդված Տ. Միքիաս քահանայեն, որ կրկին եկած էր պանդոկ, և հոն առանձին գտնելով Լևոնի մայրը, այս անգամ բացե ի բաց ջանացեր էր համոզելու, որ փոխանակ Ռոզիկը հարս առնելու, Հերմինեի հետ ամուսնացնե տղան։

Տ. Միքիաս քահանան հիմա առանձին, իր հաշվույն չէր գործեր, այլ գացած էր միջնորդությունը առաջարկած էր Սմսարյանենց և անոնք ալ սիրով ընդունած էին և մեծկակ գումար մըն ալ խոստացած՝ եթե հաջողեր Լևոնը իրենց աղջկան հետ նշանելու։

Եվ սակայն Լևոն անդրդվելի մնացեր էր և նույնիսկ կռվեր էր մոր հետ, որ այժմ բոլորովին հակառակ դարձած էր Կելկիթյաններուն, որոնց մասին շատ մը աննպաստ բաներ պատմած էր Տ․ Միքիաս քահանան։

ԳԼՈԻԽ Է

Եվ սակայն, ինչպես ըսինք, երկուշաբթի օր խոսք-կապ կատարվեցավ։ Տիկին Անթառամ ակամա՝ ոսկի օղակը անցուց Ռոզիկի մատը և անոր երեսը համբուրեց։

Տ. Միքիաս հայրը, որուն մեքենայությունները հեռվեն հեռու իմացած էին Կելկիթյանները, չհրավիրեցին այս հանդիսավոր արարողության, ինչ որ ալ ավելի կատաղեցուց քինախնդիր քահանային:

Ղուկաս էֆենտի շատ ուրախ էր։ Այս նշանտուքը անձնական հաղթանակ մը կհամարեր իրեն համար և տնով կփառավորվեր