Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/701

Այս էջը հաստատված է

− Է՞, ինտո՜ր է․․․ ասոր հազարը երկու հարյուր հիսուն ղրուշի կծախենք։

Մյուսը երեսը ծամածռեց և քմծիծաղով մը պատասխանեց.

− Ասիկա թյություն չէ, սաման է։

Ու շարունակեց ծխել։

Սիսակ թեև բավական նեղացավ իր ապրանքին դեմ ցույց տրված արհամարհանքեն, բայց ձայն չհանեց։ Մինաս Օղլուի պես հերոսի մը ներելի էր քիչ մը դժվարահաճություն։

Նույն իրիկունը նորեկը տեղավորվեցավ Սիսակի տան մեջ։

− Ամա՜ն,− ըսած էր Սիսակին,− չըլլա որ անունս մեջտեղ հանես․․․ թերևս նորեն Տաճկաստան դառնամ։

Բայց Սիսակի սնափառությունը կարող չէր այդչափ խոշոր գաղտնիք մը երկար ատեն ծածուկ պահել, և երեք օր չանցած ամեն մարդ իմացավ, որ հռչակավոր Մինաս Օղլուն Անկախյանին տունը հյուր է։

***

Քանի մը օր ետքը, Սիսակի բարեկամներեն մին հևիհև խանութը եկավ։

− Ծո՛, ատ քու մարդդ Մինաս Օղլուն չէ եղեր։

− Ի՞նչ կըսես։

− Բուն Մինաս Օղլուն առջի օրը եկեր է․ հիմա հոս եկած ատենս ալ Մենշեի հրապարակը նստած էր։

Սիսակ ֆեսը դրավ ու դուրս նետվեցավ,− «Երթանք սա մարդը տեսնանք» գոչելով։

Փողոցին ծայրը հանդիպեցավ կեղծ Մինաս Օղլուին, որ խանութ կուգար։

− Աղեկ դեմս ելար․ եկուր միասին,− ըսավ անոր։

Երեքը մեկ, քսան վայրկյան ետքը, հասան Մանշեի հրապարակը, ուր խումբ մը հայեր նստած էին։

Մոտեցան խմբին։

− Վա՜յ, պարոն Սիսակ, եկուր նայինք,− գոչեց նստողներեն մին,− եկուր նայե, քեզի ով պիտի ներկայացնենք։

Ու իրենցմե մեկը ցույց տալով ըսավ․

− Մինաս Օղլուն է, Սամսոնցի Մինաս Օղլուն։