Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/702

Այս էջը հաստատված է


− Կսխալիս, բարեկամս,− գոչեց Սիսակ,− Մինաս Օղլուն՝ ահավասիկ։

Ու իր մարդը ներկայացուց։

Երկու Մինաս Օղլուները ապուշ-ապուշ իրար նայեցան։

− Աս ի՞նչ բան է,– հարցուց խմբեն մեկը դեպի իրենց Մինաս Օղլուին դառնալով։

− Ան ո՞ւր տեղեն Մինաս Օղլու կըլլա կոր. Աթինա, հայկական ճաշարանը աշճի էր,– պատասխանեց մարդը։

− Է՞յ, դո՞ւն երբեն ի վեր Մինաս Օղլու եղար,− գոչեց մյուսը իր հակառակորդին.− ծո՛, դուն Աղորան խուրու խահվեճիություն ընող Քեմախցի Մովսեսը չե՞ս։

− Է՛հ, ասիկա շատ թոհաֆ բան է,− գոչեցին նստողները կոկորդալիր քահքահ մը ձգելով։

***

− Ի՞նչ ընեմ, եղբա՛յր, ի՞նչ ընեմ,− կգոչեր քանի մը օր ետքը Սիսակ Անկախյան, երբ բարեկամներեն մեկը անվավեր հերոսներուն մասին իր չափազանց դյուրահավանությունը կծաղրեր։− Ինչպե՞ս զանազանեմ ճշմարիտը կեղծեն, ի՞նչ միջոց կա ասոր, չեմ գիտեր։ Նայե՛, ծխախոտին համար փորձագետներ կան. մարդիկը տերևը տեսնելուն պես՝ պաֆրա, սամսոն կամ պոխճա ըլլալը կըսեն։ Քարերու համար անանկ. մարդը խոշորացույցը կհանե, կնայի ու քեզի կըսե կե՞ղծ, թե ճշմարիտ ադամանդ ըլլալը։ Գինին, նույնպես, պուտ մը կառնե, քիմքին կքսե, լեզուն կդարձնե բերնին մեջ ու կըսե՝ «Ասիկա խաղողի գինի չէ», իսկ հարազատ հերոսը անվավերին որոշելու համար ի՞նչ փորձի դիմելու է…

− Տես, ինչ կընես,− պատասխանեց բարեկամը,- երբ որ չորս, վեց տասը տարի լեոները կռիվ ըրած հերոս մը ներկայանա քեզի, ձեռքը հրացան մը կուտաս և կառաջարկես, որ զայն լեցնե ու պարպե։ Եթե կրցավ ընել՝ ըսել է հարազատ է, եթե ոչ՝ անվավեր… թեև ավա՜ղ, հերոսներ կճանչնամ, երիցս հարազատ հերոսներ, որոնք այդ գործողությունը պիտի չկրնային ընել։ Գալով նշան առնելու ու նշանին զարնելու, անշուշտ այդչափ պահանջկոտ պետք չէ ըլլալ․․․ արդեն ատիկա մեր խնդրեն բոլորովին դուրս է։