Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/703

Այս էջը հաստատված է
Է
ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ

Խորագիրս տեսնելով գուցե քիչ մը զարմանաք, թե ինչպես հակահեղափոխական մը գրած եմ հեղափոխության մակաբույծներու շարքին մեջ։ Ընդհակառակը՝ շատ բնական է կարծեմ հեղափոխության մակաբույծները նկատել այն տեսակ մը տիպարները, որոնք 96-են ի վեր մեջտեղ ելած են և որոնք հեղափոխությունը ջատագովելով զայն շահագործելե ետքը, հիմակ սկսած են հեղափոխության հակառակորդ ձևանալով ապրիլ, տեսնելով, որ այդ միջոցը ավելի շահաբեր է։ Արդ, առանց հեղափոխական շարժման գոյության՝ այդ մարդիկը չպիտի կրնային իրենց դերը խաղալ և մտնել այն մարդոց աչքերը, որոնց գրպանեն որոշած են ապրիլ մինչև ետքը։ Կփափաքիմ այդ կարգի մակաբույծներեն ձեզ ներկայացնել նմուշ մը միայն։

***

Նախկին վարժապետ մըն է պ. Միսաք, որ Եվրոպա կապրի իր նախկին աշակերտներու ծնողներուն, որոնք վաճառական են՝ ողորմությամբը։

Հայերենի ուսուցիչ այնչափ միտքը խճողած է լեզվաբանական նրբություններով, որ ա՛լ կարծես քերականական օրենքները ազդած են իր նկարագրի վրա։ Բայի մը պես կեղանակավորվի ժամանակներու համեմատ, գոյականի մը պես կհոլովվի, տերբային հետ համաձայն է՝ երբ տեր-բային վաճառական մըն է, միշտ ներկա ընդունելություն է, երբ դրամ տալու երթան իրեն և բացասական մասնիկ՝ երբ դրամ խնդրեն իրմե։ Ասկե զատ, հայելին մարդ մըն է, որ կցոլացնե միայն իր վաճառականներուն գաղափարներն ու համոզումները,− հարուստ վաճառականի մը սալոնին հղկուն, մաքուր, անարատ հայելին, որուն վրա փոշի մը չես կրնար գտնել, որ բիծ մը չունի։ Երբեք հակասության մեջ չէ իր դեմը կեցող վաճառականին հետ, ճիշտ անոր մորուքը, անոր հագուստները, անոր ձևերը կպատկերացնե, ստրուկ հավատարմությամբ մը։