Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/707

Այս էջը հաստատված է

Վաճառականը.− Ի՞նչ կա չի կա (հեգնական). Սալզպըրին կարգադրե՞ց հայկական խնդիրը։

Միսաք.− Սալզպըրի չէ, սալթ պորու… հի՛, հի՛, հի՛։

Վաճառականը (խնդալով).− Է՜յ, Հանոթոն բան մը չըրա՞վ։

Միսաք.− Ամոթուն ծածկվեցավ… հի՛, հի՛, հի՛։

Վաճառականը (ինքնահավան).− Մենք ձեզի առաջուց ըսինք, մյուսյու, ատանկ խայտառակ կերպով գործ չի տեսնվիր, Եվրոպան բան մը ընելիք չունի, պարապ տեղը առուտուրին վնաս կհասցնեք կոր։ Հեղափոխությանը զենքով կըլլա, էֆենտի՛մ, զենքով։

Միսաք.− Շատ իրավացի է։ Հաղթանակ տանելու համար հաղթ դանակ պետք է… հի՛, հի՛, հի՛։

Վաճառականը (միշտ հեգնական).− Մեր հեղափոխական պարոնները ի՞նչ ջուրի մեջ են, նորեն հեղափոխություն կընե՞ն կոր։

Միսաք.− Հիմակուհիմա տեղափոխություն կընեն կոր… հի՜, հի՜, հի՜։

Վաճառականը (գրասեղանին դարակեն ոսկի մը կհանե ու պ. Միսաքի կուտա)․− Ինչ որ է, ասկե ետքը խելքդ գլուխդ ժողվե ու խոհեմ վարվե, քեզ նայիմ, երթաս բարով։

Միսաք.− Շնորհակալ եմ, ձեր ըսածները խորին ուշադրության առարկա պիտի ընեմ, վստա՛հ եղեք։ Հաճեցե՛ք, կխնդրեմ, ամենախորին հարգանքներս մատուցանել ձեր ազնվափայլ տիկնոջ ոլ սիրասուն զավակներուն։ Մնաք բարով… ցտեսություն։

Ու այսպես այցելությունները կշարունակվին մինչև իրիկուն ու հաջորդ օրերը։

Պ․ Միսաք իր այս առաքելության միջոցին կտեսնա, որ վաճառականները բոլորովին հակառակ դարձած են հեղափոխության և հետևաբար ինքն ալ կուղղե իր ընթացքը։

***

Անկե ի վեր «հակահեղափոխական» է, խոսքով, գործով, հագուստով ու շարժումներով։

Հեղափոխականները կհարվածե, հեղափոխությունը «ապաժաման» կամ «տարաժաման» կգտնե, կարմիր վզնոցի տեղ սև կամ մանիշակագույն վզնոց կդնե, բըտենկոթը կոճկած կքալե ու խոսած