Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/711

Այս էջը հաստատված է

կստիպվեինք մոտենալ իրեն․ Ծնունդին և Զատիկին։ Դողահար կերթայինք և ինք լուրջ, ճնշող, հուղարկավորական սառեցուցիչ շեշտով մը կըսեր.

− Ապրիք․․․

Ու դուրս կվազեինք սենյակեն՝ կախաղանեն փախչող մահապարտներու շտապով։

Ինչպես ըսի, Համբարձում աղա ամենակարևոր, պատկառելի հեղինակություն մը համարված էր մեր շրջանակին մեջ. մարդ մը. որուն խոսքերը մեծ կշիռ ունեին և դատաստանները վերաքննելի չէին․ վերջապես առտնին Սողոմոն մը, քիչ մը ավելի խոժոռ, քիչ մը ավելի անտանելի, քան «Երգ երգոց»-ի ենթադրյալ հեղինակը։

Չի կար ոևէ հարց մը, անլուծելի խնդիր, դժվարություն մը, ամուսնական ծրագիր մը, էրիկ կնկա կռիվ, ընտանեկան գժտություն, դժբախտ արկած մը կամ ուրախալի դեպք մը, որ վիճաբանվեր կամ լուծվեր առանց Համբարձում աղայի միջամտության։

− Համբարձում աղային ըսվեցա՞վ։

− Համբարձում աղային կարծիքը ի՞նչ է։

− Անգամ մը Համբարձում աղային հարցնենք, նայինք ինչ խորհուրդ կուտա։

Կհարցնեին և խորհուրդը կուտար։ Ամենահասարակ, պարզ, բնական, ողորմելի խորհուրդ մը զոր փողոցեն անցնող առաջին մարդը պիտի տար անմիջապես, առանց ճիգ մը ընելու, առանց ուղեղը չարչարելու։ Սակայն Համբարձում աղային բերնեն ելլելով՝ այդ խորհուրդը տեսակ մը վեհափառություն կստանար, նվիրագործում մը կզգենուր, առած մը, վճիռ մը կըլլար անիկա, ֆոռմյուլ մը կամ դեղագիր մը, զոր նմանօրինակ պարագաներուն կգործածվեր և զոր ամենքը ուշի ուշով կպահեին իրենց հիշողության մեկ խորշը։

Համբարձում աղա ինչպե՞ս ստացած էր այդ գերակշռությունն իր շրջանակին մեջ։ Անձնական արժեք մը, կարողություն մը՝ բնական կամ ստացական, չուներ․ ընդհակառակը իրողություններն իրեն դեմ էին։ Ձախող և անխորհուրդ գործերով փչացուցած էր հորենական հարստությունը և հիմակ անոր թափթփուքներովը կապրեր։ Գալով իր մտային պաշարին՝ շատ խեղճ, շատ ողորմելի բան էր. հազիվ հասարակ ընթերցանություն մը գիտեր և կյանքին