Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/715

Այս էջը հաստատված է

ագարակատեր մըն էր, Պոլսեն 6-7 ժամ հեոավորությամբ, ծովեզրյա քաղաքի մը՝ Ռոտոսթոյի մեջ։ Մեր ընտանիքին հինավուրց բարեկամ, երբ Պոլիս գար, մեր տունը կիջներ, ուր օրերով հյուր կմնար։ Ընդհանրապես ձմեռվան եղանակին կուգար, երբ ագարակին գործերը ավարտված էին, հունձքը ժողված, ծախված ու դրամները գանձված։ Հաճախ ամբողջ ձմեռվան երեք ամիսը մեզի կանցներ։

Քառասուն−քաոասունըհինգ տարեկան, միջահասակ գիրուկ, կարմիր երեսներով, մշտափթիթ ծիծաղ մը դեմքին վրա, երջանիկ մարդ մըն էր Սերգիս աղան, շեն ու զվարթ բնավորությամբ, որուն ներկայությունը անընդհատ ուրախության ճառագայթում մը կսփռեր շուրջը։ Սերգիս աղա ամուսնացած էր, յոթը զավակ ուներ՝ չորս աղջիկ և երեք մանչ․ կպաշտեր իր կինը, որ ագարակին հոգին էր և որուն կպարտեր իր գործերուն հաջողության մեծ բաժինը։ Ուներ նաև երկու եղբայր, որոնց մին քահանա էր և ծերունի մայր մը, անուշ, խնդումերես պառավ մը, որ երբեք Ռոտոսթոյեն դուրս ելած չէր։ Սերգիս աղային գործերը բարգավաճ էին, ագարակը լավ եկամուտ կբերեր, և բոլոր ընտանիքը օժտված էր առողջությամբ մը, որ կրնար ամենեն համբերատար բժիշկին անգամ կատաղության մղել։ Վերջապես Սերգիս աղա երջանիկ էր որչափ երջանիկ կրնա ըլլալ մարդ։

Ամեն անգամ Սերգիս աղայի գալուստը հաղթական մուտք մըն էր մեր տանեն ներս։ Երբ դուռը բացվելով− Սերգիս աղան եկա՜վ, ձայնը կհնչեր, ամենքս բակը կվազեինք զինքը դիմավորելու։ Ա՜հ, այն աղմկալից ուրախությունը, խոլական օվսաննաները, որով կընդունեինք զինքը․․․

− Սերգիս աղան է, Սերգիս աղան է,− կաղաղակեինք ամենքս միաբերան։

− Վա՜յ, Սերգիս աղա, բարով եկար։

Ու ահա կպաշարեինք, կսեղմեինք, կճնշեինք զինքը։ Ամենեն պզտիկները արդեն իր ուսերուն վրա էին, քիչ մը մեծերը թևերեն կախված ու ինք կհամբուրեր, կխածներ, կապտակեր ամենուս երեսները։

− Տղա՜քս, աղե՞կ եք, ռի՞նտ եք, առո՞ղջ եք…

− Սերգիս աղա, կառքին մեջ ի՞նչ կա, ի՞նչ բերիր մեզի․․․

− Հիմա, հիմա կտեսնաք, համբերեցեք քիչ մը։