Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/72

Այս էջը հաստատված է

կվազեին վակոններեն ներս մտնելու համար և Լևոն վերջին անգամ մըն ալ համբուրելով Ռոզիկի այտերը, ցատքեր էր իր վակոնը։

Շոգեկառքը վերջին սուլում մըն ալ արձակելով, կամաց-կամաց ճամփա ելած էր։

− Ցտեսություն, Ռոզիկ:

− Ցտեսություն, Լևոն։

Եվ աղջիկը իր արցունքները կսրբեր, մինչ երիտասարդը, հուզված, բայց ժպտերես՝ ձեռքով համբույրներ կղրկեր:

Վայրկյան մը ետքը կառախումբը անհետ եղեր էր, մինչ Ռոզիկ մտածկոտ՝ աչքը հառած կմնար երկաթուղիի գիծերուն։

– Քալե երթանք, աղջիկս,− ըսավ Ղուկաս էֆենտի:

Հետո անոր տրտում տխուր կերպարանքը տեսնելով, ուզեց մխիթարել, իր գիտցած կերպովը։

− Աղջիկս, ինչո՞ւ կտխրիս, հոն չպիտի մնա յա, երկու շաբաթեն պիտի գա, աղվոր շահ մը ընելու միտք ունի, ինծի պատմեց գործը, եթե հաջողցնե՝ քանի մը հազար ոսկի պիտի շահի, գե՞շ է, դուն ալ կօգտվիս, քանի մը ոսկիի ավելի նվեր կառնես… փոխանակ տխրելու՝ պետք է որ ուրախ ըլլաս։

Աղջիկը չպատասխանեց, հորը մխիթարանքը ավելի նյութականի վրա հիմնված, զինքը կվիրավորեր։ Հիմակ սկսած էր ճշմարտապես սիրել այդ երիտասարդը, որուն հետ նախ արվեստակյալ պչրանքներ ունեցած էր միայն․ և իրեն ծանր կթվեր, որ իր սերը այսպես նյութական հաշիվներու առարկա ըլլար։

Բայց Ղուկաս էֆենտի չնկատեց աղջկան վրա իր խոսքերուն թողած ազդեցությունը և ուզեց ավելի առաջ տանել մխիթարանքը և իր տեսությունները:

− Աղջիկս,− շարունակեց,− ես քեզ ավելի լուրջ և խելացի կկարծեի, նշանածիդ քով անշուշտ ինքզինքդ տխուր ցույց տալու էիր, քանի որ կբաժնվի կոր քենե, ատոր ըսելիք չկա, բայց հիմա որ գնաց, հեռացավ ալ պետք չունիս այդ տխրությունը շարունակելու:

− Բայց ի՞նչ ընեմ, երբ որ ճշմարտապես տխուր եմ,– կմկմաց աղջիկը, վիրավորված հոր խոսքերեն:

− Վայ, ըսե որ իրավցնե կսիրես կոր այդ մյուսյու Լևոնը,- ըսավ Ղուկաս էֆենտին խնդալով:

Ռոզիկ կրկին չպատասխանեց։

− Անշուշտ պետք է սիրել այսպիսի գործունյա և հարուստ