Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/723

Այս էջը հաստատված է

ջուրի գավաթը։ Հլու` մեքենական շարժումով մը առավ ու խմեց։

− Տո՛ւր նամակը…

− Կեցի՛ր,− պատասխանեց Համբարձում աղա,− նամակը տալե առաջ պետք է որ բուն ճշմարտությունը ըսեմ քեզի… մեռնողը Վարդուհին է…

Վարդուհին տասնյոթը տարեկան հրաշալի գեղեցկությամբ աղջիկը մըն էր և նույն տարի շրջանավարտ եղած էր Հոմ Սքուլի ամերիկյան վարժարանին։

− Հե՞…– բացագանչեց Սերգիս աղա ապուշ, խոսակցին երեսը նայելով։

− Այո՛, հանկարծ սիրտ չըրի ըսելու, խե՜ղճ Վարդուհին է մեռնողը։ Աստված ողորմի հոգուն, լուսերու մեջ պառկի, թիֆո եղեր է… Վաղը առտու կանուխ պետք է շոգենավ նստիս ու երթաս թաղումին հասնելու համար, Աստուծո ողորմությունը թող հետդ ըլլա, դուն հավատացյալ քրիստոնյա ես, այս տեսակ փորձություններու պետք է երկայնամիտ հոգիով համբերես… Հոր Երանելին միտդ բեր ու մխիթարվե…

Սերգիս աղա կրկին տագնապ մը ունեցավ, ցավին սաստկության տակ չկրցավ լալ ու սկսավ խեղդուկ խռպոտ ճիչեր արձակել։ Քացախով դաստակներն ու քունքը շփեցինք, քիթին հոտեր քաշել տվինք, երեսը ջուր սրսկեցինք։

Մեր խելքն ու միտքը այնչափ Սերգիս աղային խղճալի վիճակովը գրաված էր, այնչափ մտասուզված էինք իրմով, որ ուշադրություն չէինք դարձուցած Համբարձում աղային այն տարօրինակ եղանակին վրա որով իր գուժականի պաշտոնը կկատարեր։ Ասկե զատ իր ազդած պատկառանքը և իր կարողության վրա ունեցած հավատքնիս տակավին այնքան զորավոր էր, որ մենե շատերը կկարծեին թե գույժը իմաց տալու լավագույն ձևը այդ էր։ Եվ սակայն, պետք է անկեղծ ըլլալ, մեկ քանիներս սկսանք թերահավատիլ…

Սերգիս աղա սթափվեցավ նորեն, բայց դիմագծերը այն աստիճան ավրված, որ կարծես թե խեղճը ամիսներե ի վեր տառապած էր։

− Նամակը, եղբորս նամակը տուր որ կարդամ,− գոչեց խոսքը Համբարձում աղայի ուղղելով։

− Սերգիս աղա, կաղաչեմ կպաղատիմ, մյուս զավակներուդ արևուն համար ըլլա, ինքզինքիդ եկուր, հիվանդ պիտի ըլլաս…