Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/724

Այս էջը հաստատված է

− Նամա՜կը…

− Նամակը այն ատեն պիտի տամ, երբ մեջի եղածը իմացնեմ…

− Դեռ ի՞նչ կա որ մեջը…

− Մեջը կա որ… մեջը կա որ մեռնողը Վարդուհին չէ, ահա ճշմարտությունը, մեռնողը Վարդուհին չէ… Վարդուհին ողջ առողջ է…

− Ո՞վ է հապա…

− Անկե մեծը… Տրդատը… մեծ տղադ… այո, Տրդատը, տասնութը տարեկան, խե՜ղճ տղա… թիֆոեն… ութը օրվան մեջ, մեկենիմեկ…

Սերգիս աղա այս անգամ լաց ու կոծը չվերսկսավ. նայվածքը խոլոր, խուլ ձայնով մը որուն մեջ կարծես մարդկային շեշտ չէր մնացած այլևս, մռմռաց.

− Նամա՜կը, եղբորս նամակը տուր…

Համբարձում աղա, անայլայլ, բազմոցին վրա նստած իր զոհը կդիտեր։

− Նամա՜ը, նամա՜կը…− կաշխարեր խեղճը։

Վերջապես սպառնալից, վայրագ ոտքի ելավ ու դեպի Համբարձում աղային դիմեց։

− Տո՛ւր սա անիծյալ նամակը…

Համբարձում աղա հասկցավ որ այս անգամ ճար չի կար, հարկ էր նամակը հանձնել, հետևաբար աճապարեց պարունակությունը իմացնելու.

− Ա՛ռ, կարդա՛, մեռնողը Զաբելն է… անդրանիկ աղջիկդ… մեղա՜ մեղա՜, Աստված ողորմի հոգուն…

Սերգիս աղա խելահեղ հասած էր Համբարձում աղային քով:

− Նամա՜կը… Շուտով նամակը տո՜ւր,− կոռնար ահռելի ձայնով մը։

Համբարձում աղա նամակը հանձնեց…

Սերգիս աղա սկսավ կարդալ…

Ճնշող, անձկագին լռություն մը կըտիրեր բովանդակ սենյակին մեջ. շունչերնիս բռնած ակնապիշ կդիտեինք տարաբախտ մարդը, որուն դեմքը չեմ գիտեր ինչ զահնդելի ձև մը առած էր։ Երբեք կարելի չէր երևակայել մարդկային կերապարանքի մը ավերումն ու քայքայումը այսքան քիչ ատենի մեջ։

Հանկարծ աղաղակ մը արձակեց և ինկավ բազմոցի վրա։