− Ո՞վ է, ի՞նչ կա, տահա չլմնցա՞ն,– հարցուց խոշոր, հրամայական ձայն մը։
− Էֆենտի, կնիկ մը կա, առտվնե ի վեր եկեր կսպասե…
− Ո՞վ է, արձանագրվա՞ծ է, ի՞նչ կուզե…
− Չէ, էֆենտի, նոր կնիկ մըն է, ուրիշ ատեն չի եկած, Ֆերիգյուղեն է եղեր…
− Ներս կանչե նայինք։
Դռնապանը այս հրամանին վրա դուռը բացավ և Սաթենիկին ըսավ.
− Հայտե՛, նե՛րս մտիր… կեցի՛ր… ոտքերդ սրբե՛, քյո՞ր ես, խսիրը չե՞ս տեսնար կոր…
Հեգ կինը, երկչոտ ու դողահար, ոտքերը սրբեց և երկու քայլ առաջ գալով կեցավ, խոնարհ, սպասողական դիրքով մը։
Կանաչ ծածկոցով խոշոր սեղանի մը մեջտեղը թիկնաթոռին վրա բազմած էր ազնվաշուք Ղուկաս էֆենտի Կելկիթյան, Աղքատախնամի ատենապետը, ինչպես նաև Կալվածոցի անդամը, քառասունհինգը անցած՝ միջահասակ գիրուկ մարդ մը, գլուխը քիչ ճաղատ, խոշոր բերան մը, լայն՝ վավաշոտ շրթունքներով։ Ֆեսը հանած էր գլխեն և մերթ ընդ մերթ ճարպոտ կլոր ձեռքովը ճակատը կշփեր, անընդհատ ծխելով։ Իր շուրջը բոլորված էին Աղքատախնամի բոլոր անդամները, ատենադպիր, գանձապետ և այլն, բայց հայտնապես կերևար, որ անոնք ամենքն ալ անկարևոր մարդիկ էին, ու հոն տիրապետող ամբողջ հեղինակությունը Ղուկաս էֆենտին էր։
Սաթենիկ շվարած, շլմորած՝ այդ անծանոթ մարդերուն կնայեր, որոնք իր բախտը պիտի վճռեին։ Անոնք ալ փոխադարձաբար կդիտեին ու կզննեին այդ կինը, որ իրենց ներկայացող սովորական խնդրարկուներեն չէր, որուն երեսը պատռած չէր տակավին և հոն ամոթահար, կարմրած կկենար առանց կարենալ խոսք մը արտասանելու։ Իր այս ամչկոտ դիրքը, որ իր տժգույն այտերը թեթև կարմրությամբ կներկեր, իրեն պատկառոտ հրապույր մը կուտար։ Բայց Ղուկաս էֆենտի այդ մանրամասնություններուն վրա համենալու ատեն չուներ, անհամբերությամբ ժամացույցը նայելով, գոչեց.
− Օ՜, կեսօրին մոտեցեր է…
Հետո, Սաթենիկի դառնալով, կոշտ ու կոպիտ ձևով մը հարցուց.