Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/80

Այս էջը հաստատված է

Քերովբե էֆենտի արդեն եկած՝ իրեն կըսպասեր։

− Ինչպե՞ս եք, աղեկ եք, Քերովբե էֆենտի, բարի եք եկեր, արդյոք շատո՞նց է ինծի կըսպասեք։


− Չէ, էֆենտի, հիմա եկա, պ. Արշակը լուր ձգեր էր խանութը ես ալ դուրս ելած էի, վերադարձիս երբոր ըսին զիս ուզեր եք, վազեցի եկա… խե՞ր է։

Ղուկաս էֆենտի անմիջապես չպատասխանեց, գրպանեն արծաթյա տուփը հանեց և սիկարեթ մը հրամցուց հյուրին և հետո ըսավ։

− Քերովբե էֆենտի, գիտես, որ ես քեզ կսիրեմ և պետք եղած ատենն ալ ձեռքես եկած ծառայությունը չեմ զլացած, ինչպես որ ասկե ետքն ալ չպիտի զլանամ։

− Այնպես է, ես ալ ատոր համար շատ շնորհակալ և երախտապարտ եմ,− պատասխանեց Քերովբե էֆենտի, առանց հասկնալու թե իր խոսակիցը ինչ եզրակացության պիտի հանգեր։

− Ասոր փոխարեն,− հառաջ տարավ Ղուկաս էֆենտի,− ես ալ անշուշտ իրավունք ունիմ ձենե ծառայություն մը խնդրելու, եթե առիթը ներկայանա։

− Ինծի համար բարեբախտություն մը պիտի ըլլա, եթե կարենամ իմ կարգիս ձեզի օգտակար ըլլալ։

− Օ, խնդրելիքս մեծ բան մը չէ․․․

− Հրաման ըրեք, էֆենտիս, խնդիրքը ինչ է… եթե ձեռքե գալիք բան մըն է, գլխուս վրա, անմիջապես կատարեմ։

− Ձեր քով գրագիր մը ունիք եղեր Գարեգին անունով․․․

− Այո, Գարեգին Հայկյան, չորս տարի է, քովս է։

− Գո՞հ եք իրմե։

− Շատ գոհ, պարկեշտ, գործունյա, խելացի երիտասարդ մըն է։

− Եթե այդպես է, ուրեմն չպիտի կըրնաք ուզած ծառայությունս ընել ինծի… ատոր մասին ալ չխոսինք։

− Բայց խնդիրը ին՞չ է, էֆենտիս։

− Խնդիրը այն է, որ այդ սրիկա Գարեգինը անբարոյականին մեկն է…

− Ի՞նչ կըսեք, Ղուկաս էֆենտի,− գոչեց մյուսը շվարած։

− Եվ այդ անբարորոյական սրիկան համարձակեցավ մինչև տունս գալ և զիս նախատել և եթե ծաոաները չհասնեին, գուցե վրաս ալ հարձակեր…