− Տեր աստված, տեր աստված, այս ինչե՜ր կլսեմ։
− Հիմա քեզի կարճ խոսք մը ըսե՞մ, Քերովբե էֆենտի, կամ այդ սրիկային անմիջապես ճամփա կուտաս և կամ բարև աստծու բարինը կկտրենք իրարու հետ։
Քերովբե էֆենտի շփոթված, այլայլած՝ պահ մը անխոս՝ Ղուկաս էֆենտիին երեսը նայեցավ, անոր հետ խզվելու հեռանկարը զինքը կսահմռկեր․ ոչ թե միայն մեծագումար պարտք մը ուներ Ղուկաս էֆենտիի վճարելիք, այլ հրապարակին վրա, իր գործունեությանց մեջ հաճախ անոր երաշխավորությանը դիմելու պետք ուներ։ Ուստի վարանում կարելի չէր․ պետք էր զոհել Գարեգինը։
− Ղուկաս էֆենտի, եթե այդ է ձեր խնդիրը, գլխուս վրա, հիմա երթալուս պես հաշիվը տեսնեմ, ճամփեմ… վայ, թշվառական, վրայեն պարկեշտ, խելոքիկ մեկը կերևար…
− Տես, ես քեզի չեմ ստիպեր, որ ճամփես.․. եթե կուզես պահե, բայց անկե ետքը ալ Ղուկաս էֆենտին մոռցիր։
− Աստված չընե,– գոչեց խեղճ մարդը,– չէ թե Գարեգինը, այլ անոր պես հարյուր հատ Գարեգին ալ ըլլա, քու մեկ եղունգիդ հետ չեմ փոխեր, ատ ի՞նչ խոսք է, Ղուկաս էֆենտի, դուն իմ բարերարս կսեպվիս․․.
Ղուկաս էֆենտի տեսավ, որ հաղթանակը տարած էր, ձայնը մեղմացուց և դեմքը զվարթացավ։
− Միայն թե,− ըսավ,– ճամփած ատենդ չըսես, որ ինծի համար է, չեմ ուզեր, որ միտքը դնե, թև իրեն պես սրիկաներուն կարևորություն կուտամ։ Ասկե զատ կելլա գեշություն մը կընե. ատ տեսակ անբարոյական մարդիկներեն ամեն բան կսպասվի։
− Անհոգ եղիք, Ղուկաս էֆենտի, անհոգ եղիք…
Հետո խոսեցան գործերու վրա և Ղուկաս էֆենտի ըսավ, որ եթե դրամի պետք ունենա, կրկին կրնա իրեն դիմել․ գալով հին պարտքին, եթե պայմանաժամին չկրնա վճարել, վճարումը երկարաձգելու համար նոր մուրհակ մը կշինեն։ Քերովբե էֆենտի՝ հուզված, իր խորին երախտագիտությունը հայտնեց և մեկնեցավ։
Դուրս ելած միջոցին Ղուկաս էֆենտի ըսավ.
− Վաղը ատ սրիկայի ճամփվիլը պետք է որ իմանամ։
− Հիմա երթալուս պես աոաջին գործս այդ պիտի ըլլա։
Արդարև, Քերովբե էֆենտի, երբ խանութ հասավ, անմիջապես կանչեց Գարեգինը, 6 ոսկի ամսականը տվավ, 3 ոսկի ալ կաղանդի առթիվ բացառիկ նվեր մը ըրավ և ըսավ.