Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/83

Այս էջը հաստատված է

− Տղաս,− ըսավ Գարեգին,− քենե միշտ գոհ եմ և կամքիս հակառակ քեզ կճամփեմ կոր, կհասկնա՞ս, չուզելով, բռնի…

− Բայց ինչպե՞ս,− գոչեց երիտասարդը, այս առեղծվածային խոսքերեն բոլորովին այլայլված։

− Ուրիշ բացատրություն չեմ կրնար տալ,− ավելցուց Քերովբե էֆենտի,− միայն սաչափը ըսեմ, որ եթե քեզ անմիջապես ճամփա չդնեմ, ինքզինքս կկործանեմ, գործս կխանգարեմ…

Եվ այս խոսքերն արտասանելով վաճառականը գրեթե վազելով հեռացավ Գարեգինին քովեն, որ եղած տեղը գամվեր մնացեր էր:

Հիմա կըմբռներ իրողությունը։ Հարվածը դուրսեն կուգար, բայց որմե՞։ Ղուկաս էֆենտին բնավ մտքեն չէր անցուցեր․ չէր կրնար երևակայել. որ այդպիսի ցած վրեժխնդրություն մը կարելի է գործել։

Գարեգին քիչ մըն ալ մնաց այդպես շվարուն, մտախոհ՝ հետո գլխիկոր անցավ խանութեն և ուղղվեցավ փողոց։

Դռանը քով կգտնվեր արկղակալը, իր բարձր աթոռին վրա թառած, էֆենտին արդեն դուրս ելած էր, չուզելով նոր բացատրություն մ’ունենալ երիտասարդին հետ։ Գարեգին երբ արկղին աոջևեն կանցներ, գլուխը կախ, արկղակալին ձայնը լսեց, որ կըսեր.

− Ի՞նչ է այս, Գարեգին, կանուխ կանուխ կփախչե՞ս կոր… հիմա էֆենտին գա քեզ փնտռե նե՝ ի՞նչ ընենք։

− Ան գիտե երթալս,− պատասխանեց երիտասարդը, հետո խորհեցավ թե գուցե կրնար արկղակալեն բան մը հասկնալ և մոտեցավ իրեն։

Արկղակալը, պ. Գրիգոր, Քերովբե էֆենտիի կնոջ ազգականներեն էր, շատախոս երիտասարդ մը, վայելոլչ և ունայնամիտ։

− Ո՞ւր գնաց էֆենտին,− հարցուց Գարեգին՝ խոսակցության սկսելու համար։

− Չեմ գիտեր, կերևա որ մեկը տեսնելու գնաց։

− Այսօր խանութը կեցած չունի,– շարունակեց Գարեգին,– ցերեկեն վերջն ալ հոս չէր։

− Այո, որովհետև ցերեկին լուր եկավ, որ Ղուկաս էֆենտին զինքը կուզեր տեսնել անպատճառ։

Ղուկաս էֆենտիի անունը, թեթև սարսուռ մը պատճաոեց երիտասարդին։

− Ղուկաս էֆենտի Կելկիթյա՞նը,− հարցուց: