Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/86

Այս էջը հաստատված է

Ղուկաս էֆենտի անմիջապես լուր ղրկեց Սաթենիկի մասին քնություն կատարող մարդուն, որ ինչպես ըսինք, Աղքատախնամի օժանդակ անդամ էր։ Խնդիրը բացատրեց անոր և առաջարկեց, որ բողոքագիր մը պատրաստե և տանի ստորագրել տա դրացիներուն։

Մարդը սակայն չուզեց հանձն առնել այդ պաշտոնը, առարկելով, որ ինք Ֆերիգյուղեն չէր ու ազդեցություն չուներ այդտեղի թաղեցիներուն վրա․ հարկ էր հոնտեղեն մեկը գտնել, այդ գործը գլուխ հանելու համար։

− Ուրեմն մեկը գտիր ու ղրկե,− հրամայեց Ղուկաս էֆենտի,− ես իր հոգնությունը կվճարեմ, վստահ եղիր։

− Շատ լավ, էֆենտիս,− ըսավ մյուսը։

Երկու օր ետքը երբ Ղուկաս էֆենտի գրասենյակը նստած էր, մարդը մը ներս մտավ, խոնարհ բարև մը տվավ և նամակ մը երկարեց իրեն։

Ղուկաս էֆենտի պահարանը պատռեց և նամակը բանալով կարդաց.

«Վսեմաշուք էֆենտի.

«Գրաբերս, գինեպան Հաճի Թումիկ Ֆերիգեղցի է և թաղին մեջ շատ ծանոթ մարդ մը, ինք խիստ հարմար է բողոքագրին գործը հաջողցնելու, միայն թե հարկ է քիչ մը բան վճարել։

Մնամ ձեր վսեմության խոնարհ ծառա»։

Նամակագիրը Աղքատախնամի օժանդակ քննիչն էր։

− Հրամմեցեք, նստեցեք,− ըսավ Ղուկաս էֆենտի։

Մարդը կրկին խոնարհ բարև մը տվավ և աթոռի մը ծայրը նստավ, երկու ոտքը քով քովի բերած։

Հիսուն տարեկան, գիրուկ, թավ հոնքերով և խոշոր շրթունքներով մարդ մըն էր Հաճի Թումիկ։ Երկաթագործությամբ սկսած էր իր ասպարեզը, հետո ջրհանկիր եղած էր, հետո ալ ձկնավաճառ։ Արիասիրտ ու կռվարար, շատ անգամներ, բարկության կամ գինովության մեջ, մարդ վիրավորած ու ամիսներով բանտարկություն կրած էր։ Այդ բանը իր վարկը բարձրացուցեր, տեսակ մը հեղինակություն և ժողովրդականություն տվեր էր իրեն։ Հաճի Թումիկ իր հիացողները, կուսակիցները, հետևորդները ուներ, որոնց վրա բարոյական իշխանություն մը ի գործ կդներ։ Տարիներե ի վեր եկած հաստատված էր Ֆերիգյուղ, ուր գինետուն մը կբանեցներ։ Իր հաճախորդները միևնույն ժամանակ իր հպատակներն էին, որոնց վրա կտարածեր իր գերիշխանությունը։ Բայց իր ազդեցությունը միայն