Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/90

Այս էջը հաստատված է

− Մինչև հիմա բան մը չխոսվեցավ,− պատասխանեց մարդը, որ Սաթենիկի տան փողոցը կբնակեր և պարկեշտ ատաղձագործ մըն էր, Սիմոն անուն։

− Ինչ կըսես կոր պե,− գոչեց գինեպանը, որ ընդդիմախոսության վարժված չէր,− Պեյ Օղլուի ժամուն թաղական աղաները քննություն բացեր, տեղն ու տեղը հասկցեր են − սիրող ունի եղեր առած նստած, ես պոշ տեղը խոսք չեմ ըներ…

− Անանկ է, Հաճի Թումիկ պոշպոշունա խոսք չըներ,− հաստատեցին ներկաներեն մեկ բանին։

− Աղբար, սիրող ըսածդ իր քիրաճին է, մազլըմ երիտասարդ մը… ատ ձեր ըսած կնիկը մեր փողոցը կնստի… վեց ամիս է գալը, դեռ օր մը օրանց վրան բան մը չլսվեցավ, խեղճ աղքատ կնիկ մըն է, իր եղովը կտապկվի,− ըսավ ատաղձագործը։

− Վայ, Սիմոն աղա, քեզի դրացի է եղեր, հա՞, անոր համար ատանկ պաշտպան կելլաս կոր իրեն,− մեջ մտավ ուրիշ մը խնդալով− …ինտոր, աչքդ խածեր է կերևա կոր։

− Իրավցնե ալ գեշ ապրանք չէ եղեր, իմացածիս նայելով,– ըսավ գինեպանը։

Երիտասարդ գործավոր մը, որ մինչև այն ատեն լուռ կհետևեր խոսակցության, ուզեց ինքն ալ մասնակցիլ վիճաբանության:

− Ես տեսած եմ կնիկը. իրավցնե աղվոր է ամա, երեսին քիչ մը խնդացողին անանկ ժանիք մը կընե՝ որ… ես շիտակը չեմ հավատար, որ այդ կնիկը գեշ ըլլա…

− Ծո, շաշխըն, իշտե անանկներեն վախնալու է յա,− գոչեց գինեպանը.− արդեն մեր խոսիլը ավելորդ է, թաղականները քններ, ամեն բան հասկցեր են… հիմա մենք այդ էտեպսիզները ասկե սահաթ մը առաջ տեֆ ընելը նայինք…

Եվ Թումիկ աղա վիճաբանությունը ավելի լուրջ հողի մը բերավ։

Բացատրեց թե մեր ազգը մինչև հիմա հաստատ մնացած է իր եկեղեցիին, գերեզմանոցին և ընտանեկան պատիվին շնորհիվ է, եթե այդ երեք հիմերը խախտին՝ ազգը կփճանա։ Ինչպես օղին առանց մեզեի չկրնար ըլլալ, պատիվը ընտանիքին մեզեն է։ Այսօր եթե թույլ տանք որ անբարոյական կին մը մեր թաղին մեջ հաստատվի, վաղը ամբողջ թաղը բոզանոց մը կդառնա։ Չարիքը դեռ չմեծցած պետք է խափանել։ Երակը մարելու է առաստաղը չըպատած, ետքը աշխարհի բոլոր ջրհանները օգուտ չեն ըներ։