Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/91

Այս էջը հաստատված է

Հավանության մրմունջներով ընդունվեցավ Հաճի Թումիկի «հաղագս բարոյականիս ճառը»: Գինեպանը ստորագրվելիք հանրագրության խոսք չըրավ, թողաց, որ նախ մտքերը պատրաստվին։

Երբ ներկաները մեկնելու կպատրաստվեին, Թումիկ հրամայողական ձևով մը գոչեց.

− Նստեցեք, այս իրիկուն մեյ մեկ շիշ ալ ինե պիտի խմեք:

Ու շիշերը լեցվեցան, բացառիկ մեզեներով։

Հետևյալ օրը Հաճի Թումիկ ներկայացավ Ղուկաս էֆենտիի բնակարանը, ուր զինքը առաջնորդեցին սեղանատան քով փոքրիկ սենյակ մը։

Քիչ մը ետքը էֆենտին եկավ, ձեռքը թուղթ մը բռնած, թաղական խորհուրդին ուղղելիք հանրագրություն մը, զոր Ղուկաս էֆենտի գրել տված էր մասնավոր խնամքով մը։

Այդ գրությամբ Ֆերիգյուղի հայերը կդիմեին Բերայի թաղական խորհրդին և հանուն ընտանեկան սրբության, ազգային արժանապատվության և բարոյականին․ և մանավանդ «ի բուժումն գայթակղյալ մտաց» կխնդրեին որ ոստիկանական միջամտությամբ իրենց թաղեն վտարվեին Սաթենիկ Ամասյան և Գարեգին Հայկյան, որոնք թաղին մեջ քար գայթակղության եղած էին։

− Քեզ տեսնամ, այսօր վաղը այս գործը լմնցուր… արդեն ըսի, գիտես ա, քու հոգնությունդ էվելոք պիտի վճարեմ։

− Ողջ ըլլաս, էֆենտի, արդեն մեր պարտքն է ասիկա ընել,− պատասխանեց գինեպանը և թուղթը խնամքով ծալելե ու գրպանը աեղավորելեն ետք մեկնեցավ։

Նույն իրիկունն՝ իսկ գինետան մեջ հանրագրությունը քսանե ավելի ստորագրությամբ լեցվեցավ։ Հաճի Թումիկ այնքան վստահ էր մարդոց վրա, որ բացակա ծանոթներուն անուններ ալ գրել տվավ։

− Յազ,− կհրամայեր գրել գիտցողի մը,− տեռքմեճի Պետրոսը տա յազ, պալգըճը Համբիկի տա յազ, հաճի Հոսեփի տա յա․․․− վերջապես բոլոր միտքը ինկած անունները։

Հաճի Թումիկ այս կեղծ ստորագրությունները դնել կատար ամենայն բարեմտությամբ, առանց խղճահարության հետքի մը, բարիք մը, ազգին ծառայություն մը մատուցած ըլլալու հաստատ համոզումով, նույնպես բոլոր ներկաներր այդ հավատքը ունեին… թաղը պիտի մաքրագործեին, իրենց ընտանեկան պատիվը պիտի փրկեին։