Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/92

Այս էջը հաստատված է

− Ապրիս, Հաճի Թումիկ աղա, կենե դուն ես քի աս բանը մտածեցիր,− կըսեին գինետան հաճախորդները։

− Ծո, ես չըլլայի նե՝ նամուսնիս փարայի մը պիտի ըլլար․․․

Եվ գինեպանը, հաղթական ու հպարտ իր բեղերը կոլորեր։

Խեղճ Սաթենիկ ու Գարեգին չէին գիտեր իրենց շուրջ տեղի ունեցած անարգ մեքենայությունը։ Որբևայրին գրեթե շատ քիչ կտեսնվեր իր դրացիներուն հետ, իսկ երիտասարդը Քերովբե էֆենտիին քովեն ճամփվելեն ի վեր առտուները կանուխ կերթար և շատ ուշ, միայն պառկելու համար կվերադառնար տուն. խելքը միտքը նոր գործ մը գտնելու տված։

Շատ տեղեր արդեն դիմած էր և հույս տվեր էին իրեն, որ աս տոնական օրերը անցնեն, խթում, ծնունդ, և այլն։ Քերովբե էֆենտի բավական բարեսիրտ գտնվեր էր իրեն բարի վարուց վկայական մը տալու, որու մեջ կհաստատեր թե Գարեգին իր հոժար կամքովը թողած էր գործը, ամսականի անբավականության պատճառով և թե, իր ամբողջ պաշտոնավարության միջոցին շատ գոհ ձգած էր զինքը, իր պարկեշտությամբը, աշխատոuթյամբը և գործունեությամբը։

Երբ այդ վկայագիրը ծալեց ու գրպանեց, Գարեգին, որ կուզեր վստահ ըլլալ իր կասկածներուն մասին, շեշտակի Քերովբե էֆենտիին նայեցավ և ըսավ.

− Շիտակ ըսեք, էֆենտի, Ղուկաս էֆենտի Կելկիթյա՞նը պահանջեց, որ զիս ճամփեք։

Քերովբե էֆենտի թեթև սարսուռ մը ունեցավ, որ չվրիպեցավ Գարեգինի աչքերեն։

−Այնպես չէ՞,− պնդեց երիտասարդը։

Վաճառականը չկրցավ ստել։

− Իրավ է,− հաստատեց,− բայց տղաս,− շարունակեց,- կաղաչեմ, որ գիտցած չըլլաս ու մանավանդ այդ մարդուն հետ չիյնաս, թե քեզի և թե ինծի փորձանք կբերե ետքը… Ւնչո՞ւ այդ տեսակ մարդոց հետ կռվելու կելլաս․ մի՞թե քեզի պես պզտիկ գրագիր մը կրնա Ղուկաս էֆենտիին հետ գլուխ ելլել… տես, պարապ տեղը դուն ջախջախվեցար, ստիպվեցա քեզ ճամփելու, որովհետև յուլարս անոր ձեռքն է, կհասկնա՞ս…

− Բայց Քերովբե էֆենտի, ինչպե՞ս կարելի էր համբերել գործված անիրավության։

Եվ Գարեգին մանրամասնորեն պատմեց այրի կնոջ ամբողջ