Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/93

Այս էջը հաստատված է

եղերական պատմությունը, որ շատ հուզեց վաճառականին սիրտը։

− Բայց,− խոստովանվեցավ տխրությամբ,− ձեոքես բան մը չի գար։ Ղուկաս էֆենտի անանկ համառ մարդ մըն է, որ կարելի չէ համոզել, երբոր միտքը բան մը դնե։ Քանի որ հիմա միտքը դրած էր, որ այդ կինը անբարոյական է լավագույն է իրմե փախչիլ…

Երիտասարդը գլուխը թոթվեց այնպիսի ձևով մը, որ ցույց կուտար, թե ինքը վաճառականին կարծիքին չէր և ոտքի ելավ մեկնելու համար։

− Նորեն կխրատեմ, խելոք վարվե,− եղավ Քերովբե էֆենտիի վերջին խոսքը։

Գարեգին առանց հաստատական խոսք մը ըսելու դուրս ելավ։

Հիմակ ալ կասկածը ստուգաթյան փոխված էր։ Ղուկաս էֆենտին էր զինքը այսպես անխնա հալածողը և ինչո՞ւ համար․ որովհետև անմեղ ու թշվառ կին մը փորձած էր պաշտպանել…

Այս ահռելի անիրավությունը կըմբոստացներ զինքը։ Վրեժխնդրության ծրագիրներ միտքը կչարչարեին, բայց ինչպես կարելի էր հավասար առ հավասար կռվել մեկու հետ, որ իր հարստության ու դիրքին ազդեցության շնորհիվ, անհատապես զորավոր է իրմե։

Եվ այս տխուր մտածումներուն մեջ թաղված՝ երիտասարդը մտամոլոր կանցներ Ղալաթիայեն. երբ զվարթ ձայն մը հանկարծ գոչեց իրեն.

− Ծո, Գարեգին, դո՛ւն ես…− երիտասարդը ձայնին կողմը դարձավ և զարմացական ճիչ մը արձակեց.

− Վայ, Սերգիս…

Երկու բարեկամները համբուրվեցան։

− Ե՞րբ եկար,− հարցուց Գարեգին։

− Կաղանդեն օր մը առաջ… ալ հոս փոխադրվեցա, եկուր տեղ մը նստինք ու քիչ մը խոսակցինք… քանի մը օր առաջ ձեր խանութը գացի քեղ տեսնելու և ըսին թե ելած ես Քերովբե էֆենտիին քովեն, տունդ հարցուցի, Ֆերիգյուղի կողմն է ըսին, բայց հասցեդ որոշ գիտցող չի կար… ինչ որ է, բարեբախտաբար հոս իրարու հանդիպեցանք։

Ու գացին նստեցան թրամվայի ճամփուն վրա գարեջրատուն մը։

Սերգիս Գարեգինի տարեկից երիտասարդ մըն էր, անոր դպրոցական ընկեր և մտերիմ բարեկամը, կարելի է ըսել միակ բարեկամը,