− Ըստ իս, գործելու մեկ եղանակ մը կա,− ըսավ Սերգիս,- երթալ այդ գինեպանը գտնել և իրմե բացատրություն ուզել։
− Բայց գուցե ինծի կճանչնա և այն ատեն այդ անկիրթ մարդոց հետ խնդիրը կրնա անհաճո հետևանքներ ունենալ։
− Ուրեմն ես առանձին կերթամ, զիս ոչ ոք կճանչնա, դուրսեն նոր եկած մեկն եմ. այդ մարդը կխոսեցնեմ և գուցե կհաջողիմ գայթակղության առաջքը առնելու։
Սերգիսի առաջարկությունը շատ խոհական և օրինավոր էր և Գարեգին ոևէ առարկություն չգտավ ընելիք, նույնիսկ շնորհակալությունը հայտնեց ընկերոջը անձնվիրությանը համար։
Հետո միասին դուրս ելան և Գարեգին հեռվեն ցույց տվավ Հաճի Թումիկի գինետունը։
Երկու բարեկամները որոշեցին, որ Գարեգին դարձյալ երթա Օսման պեյի սրճարանը և հոն սպասե իր ընկերոջ վերադարձին, տեսակցաթյան արդյունքը իմանալու համար։
Երբ Սերգիս մտավ գինետունեն ներս, ներկաներու ուշադրությունը իր վրա հրավիրեց։ Նախ որ ինք նոր դեմք մըն էր այդ միջավայրին մեջ, հետո հայտնի կերևար, որ այդ գինետան հաճախորդ ըլլալու սահմանված մեկը չէր։ Իր վրա սևեռված ակնարկներեն նեղված՝ գնաց անկյուն մը նստավ և օղի մը ապսպրեց գինետան աշակերտին։
Երբ մանչը օղին բերավ, երիտասարդը հարցուց․
− Ո՞ւր է վարպետդ։
− Հաճի Թումիկ աղա՞ն։
− Այս խանութին տերը։
− Հա, էյ իշտե Հաճի Թումիկ աղան է խանութին տերը,− պատասխանեց մանչը, որ կզարմանար, թե ինչպես կարելի է չգիտենալ այդ բանը։
− Աղեկ, ըսե Հաճի Թումիկ աղային, որ քիչ մը հոս գա։
Սերգիսին մոտ նստող հաճախորդ մը, որ ուշադրությամբ կհետևեր այս խոսակցության, պետք համարեց միջամտելու։
− Մյուսյու, Հաճի Թումիկը գործ ուներ քիչ մը, դուրս ելավ, հիմա կուգա։
− Լավ, կսպասեմ։
Եվ Սերգիս սիկարեթ մը վառեց, ումպ մը առավ օղիեն և ըսկսավ սիկարեթի ծուխը դուրս տալ՝ աչքերով անոր բռնած ուղղության հետևիլ։