Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/99

Այս էջը հաստատված է

− Հարկավ, չէ թե ստորագրել, տահա պետք ըլլա նե՝ պոյովս կպառկիմ տակը։

− Ըսել է այդ կնոջ ու երիտասարդին անբարոյական ըլլալուն վստահ ես։

− Ոչ կինը կճանչնամ, ոչ ալ երիտասարդը, մինչև այսօր ալ խոսքերնին լսած չէի, անուննին ալ չեմ գիտեր…

− Ուրեմն ի՞նչպես ատանկ թուղթ մը կստորագրես։

− Հաճի Թումիկը ստորագրե ըսավ, անիկա պոշ տեղը պան չըներ։

− Ուրեմն միայն անոր խոսքին վստահելով ստորագրեցի՞ր…

Ճանըմ, Հաճի Թումիկը անանկ թեթև գործի մեջ չմտնար․․․ հեմ կարելի՞ է անոր խաթրը կոտրել, ուզածը ինչ է որ… ստորագրություն մը, փարայով չէ՞ յա…

Ու մարդը իր օղիի գավաթը պարպեց և ուրիշ մը ապսպրեց։

Երիտասարդը տխուր մտածումներու մեջ ինկած էր. կդիտեր այդ մարդը, որ ներքնապես բարեմիտ մեկը կթվեր, և որ սակայն իր տգիտությամբ, խորհելու և դատելու կարողութենե զուրկ ըլլալու պատճառավ, անգիտակցաբար ու միամտորեն՝ չարության մը, գուցե ստորին վրեժխնդրության մը գործիք կըլլար։

− Ինծ մտիկ ըրե, բարեկամ,− ըսավ Սերգիս,− այդ ստորագրությունը, որ առանց գործը մոտեն քննելու գրեր ես թուղթին տակը, գիտես ի՞նչ պիտի ընե։

− Ի՞նչ,− հարցուց մյուսը։

− Գուցե երկու անմեղ անձեր խայտառակաբար տունեն վռնտվելու պատճառ պիտի ըլլա, խեղճ աղքատ որբևայրիի մը պատիվը պիտի արատավորե, պարկեշտ երիտասարդի մը երեսին մուր պիտի քսե… Խիղճդ կներե՞, որ այդ գեշությունը ընես մարդիկներու, որոնք չես ճանչնար իսկ, և որոնք քեզի չարություն մը չեն ըրած, միմիայն Հաճի Թումիկի խաթրը չկոտրելու համար․․․

Մյուսը, որ կառքի նորոգություններ ընող վարպետի մը քով գործավոր էր, պարկեշտ, պարզամիտ և իրավամբ բարեսիրտ, այս խոսքերեն հուզվեցավ, ուզեց ինքզինք արդարացնել, կրկին գինեպանին վկայությանը դիմելով։

− Բայց Հաճի Թումիկ աղան անանկ մարդ չէ, հարկավ համոզվեր է, որ մեզ ալ համոզեց։

− Կարելի է զինքը խաբած են… մարդս անսխալ չէ։ Ասանկ ծանր խնդիրներու մեջ թեթև կերպով գործ տեսնելը մեծ ոճիր է…