Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/10

Այս էջը հաստատված է

Սեբաստացու եզրահանգումները թեև տխուր են և դաժան, սակայն այդ տարիների պատերազմական դեպքերն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ նրա կանխատեսումներն ու կռահումներն առանց հիմքի չէին ծնվել, և նա մտածում էր այնպես, ինչպես թելադրում էր կյանքը, զարգացող գործողությունները, պատերազմող կողմերի հակասություններն ու շահերը։

Եվ այսպես՝ Մուրադի «Օրագիրը», իբրև փաստական միջուկ մտել է Զապել Եսայանի ստեղծագործության մեջ՝ դառնալով նրա առանցքը։ Հարկ է նշել նաև, որ մեծ ֆիդայու առանձին խորհրդածություններ, խոհեր ու մտորումներ ինչ-ինչ նկատառումներով դուրս են մնացել հարգարժան հեղինակի ուշադրությունից։ Դրանց ճանաչողական արժանիքները մեծ են և այսօր էլ չեն կորցրել իրենց թարմությունը։

Ահա նրանցից մի երկուսը։

«Թուրքերը միջին դարու բարբարոսությունները կը գործադրեն։ Քոչվորներն ամեն տեսակ գույքեր կը խլեն, կը քաշեն տուն։ Մեջի երիտասարդները կը սպանեն սուվարիները։ Պաշտոնյաները թալան կընեն։ Լի՜րբ ազգ, լի՜րբ կառավարություն։ Պատիվ ձեռք չի տվող կիները կը սպանեն»։

«Անե՜ծք, բյո՜ւր անեծք անոր, որ թուրքի վրեժ չի լուծեր յոթ պորտեն անդեն։ Միջին դարերու բարբարոսությունը կը նսեմանա»։

«Ա՜յ, խեղճ ազգս, ինծի կը հայհոյես ու կը նախատես, որ իմ պատճառով է ամբարտավան թուրքը քեզ կը սպանե։ Ժողովո՛ւրդ, եկո՛ւր հետևես, զե՛նք վերցուր, զե՛նք, որ փրկվես, ուրիշ փրկություն չի կա, զե՛նքը կարիք մըն է, անհետաձգելի կարիք մըն է։ Հայ ժողովո՛ւրդ, դուն ինձ կը հալածես ինձ սպանողին հետ միացած, անգիտորեն կը մատնես, կատես, բայց սխալած ես, եկո՛ւր հետևես, այս է փրկության ճամփան, գիտեմ՝ վաղը պիտի զղջաս իմ դեմ գործած չարիքի համար, բայց ուշ պիտի լինի»։

Վերջին խորհրդածությունը, ցավոք, բուն մայր Հայաստանում 70 տարի շարունակ քաշքշվել է, ծամծմվել, հալածանքի ենթարկվել, արժանացել բանավոր և գրավոր մեղադրանքների, թույն ու լուտանք թափվել հենց իրեն՝ Սեբաստացի Մուրադի պայծառ անվան վրա։

«Օրագիրը» հարուստ է նաև փաստական տվյալներով, մասնավորապես տրված են Սեբաստիայից մինչև Սամսոն ծովափնյա քաղաքի միջև ընկած տարածքի տեղագրությունը, հայերի ու հույների բարեկամական կապերը, շահերի միասնությունն ու պայքարը, առանձին տեղեկություններ են տրված իր ծնողների, կնոջ և որդու, մարտական ընկերների կյանքի ու ճակատագրի մասին։ Անչափ կարևոր են մեզ համար