Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/28

Այս էջը հաստատված է

բռնաբարեն, հարս մը ծեծեցին, Աբիկ քէհեային ոտքերը և թևերը ջախջախած են և գիւղացիք կը խնդրեն, որ զէնք մը ճարէք, տաք, որպէսզի զինուորներուն յանձնեն և հանգստանան[1]:

Ես այնքան յոգնած էի, որ շարժուելու ուժ չունէի, բայց գոմերուն տէրը ըսաւ:

— Երեսս չի բռներ, բերանս առաջ չերթար, բայց կը խնդրեմ, որ հոսկէ երթաք։

Ճարահատ ոտքի ելայ և դռնէն դուրս կելլէի, երբ Յարութիւն Մուրատճեանին հանդիպեցայ, որ հրացանը առած և փախած էր. անոր հետ գացինք մօտ տեղ մը և ապաստան խնդրեցինք, բայց գոմի տէրը աւելի աղաչեց մեզի, որ իրենց սահմաններէն դուրս ելլենք։

Այն ատեն, առանց մեր դիտաւորութիւնը յայտնելու, դուրս ելանք և գացինք ապաստանեցանք գոմերու վերև գտնուող ցախերու (տեսակ մը մացառ) անտառակը, ուր մեր ընկերները մեզի կը սպասէին արդէն. գետինը թաց էր և անընդհատ կանձրևէր, բայց ստիպուած մնացինք գիշերը և հետևեալ ցորեկը։

Հոսկէ վերադարձանք դարձեալ Կովտունի գոմերը, ձիւնը ծածկած էր սար ու ձոր, բայց որովհետև անդադար կը ձիւնէր, մեր քայլերուն հետքերը կորսուեցան։ Կէս օրէ ետքը Սարը գիւղացի Համայի աղջիկը Ագըդըզըր (գըզըլպաշ) քանի մը ընկերուհիներով ուղղակի եկան գոմերը, իբր թէ բան մը փնտռելու համար։ Ես եաբունջիիս մէջ ծածկուեցայ և պառկեցայ։ Մեր տղոցմէն երկուքը դիմաւորեցին զանոնք և խօսքի բըռնուեցան. աղջիկը գոգնոցին մէջէն քանի մը հացեր հանեց և տուաւ Նշան Մուրատեանին և միևնոյն ատեն ըսաւ, թէ Մուրատին և իր ընկերներուն խօնախները[2] այրեցին։ Իր նպատակն էր ներս մտնել և տեսնել, բայց տղաքը մուտքը կը ծածկէին, այն ատեն արագութեամբ դարձաւ միւս կողմը և կողքի պատուհանէն նայեցաւ։

Երբ աղջիկները մեկնեցան, մենք որոշեցինք հեռանալ և երեկոյին գացինք Խանձարի գոմերը. ամեն ինչ աւերակ դարձած էր. կարծես չար ձեռք մը ամեն ինչ սրբեր էր և նախկին գոմերէն հետք իսկ չէր մնացած։ Այծ մը մնացեր էր և մեծ պարկ մը ալիւր. այծը ծներ էր ու, ցուրտին չի դիմանալով, ձագը թողեր, ապաստաներ էր աւերակներու մէջ, անկիւն

  1. Զինուորները կուգային զէնք կը պահանջէին. այն պարագային, որ զէնք չըլլար, կը կարծէին, որ գիւղացիք պահած են և կը չարչարէին զանոնք, որպեսզի մէջտեղ հանեն: Այդ պատճառով է, որ գիւղացիք կուզեն ոևէ զէնք գտնել և յանձնել զինուորներուն, իբր թե պահած էին և երևան բերին, որպեսզի չարչարանքը վերջ գտնէ:
  2. Բնակարան: