գետը շատ բարձրացած էր, միւս կողմէ գիւղին շատ մօտ էինք և գիւղը ոստիկաններով լիքն էր: Որոշեցինք որ Բաշուկը և Հայրիկը կրկին ղրկենք Սեբաստիա նոր տեղեկութիւններ ստանալու համար. տեսակցութեան տեղը և ժամը որոշեցինք և պատրաստուեցանք մեկնելու հակառակ գետին աննպաստ վիճակին։ Արմենակը և Վարդանը զիս ուսերնուն վրայ առին և այսպիսով առանց զիս թրջելու անցուցին գետէն և անմիջապէս սկսանք բարձրանալ Խարվազի լեռն ի վեր։
Երբ գագաթը հասանք, լոյսը բացուեցաւ, մեր գիւղը կը տարածուէր մեր աչքին առաջ։ Օդը սաստիկ ցուրտ էր և հաց չունէինք այդ օրը. «Մենք դուրսը, մեր թշնամին մեր տուներուն մէջ, մենք հաց չունինք, թշնամին մեր հացը կուտէ», կը մտածէինք, կըսէինք և իրարու երես կը նայէինք։
Ժամը 9-ին ատենները անձրևը սաստկացաւ. գացինք Խարվազ գիւղի մօտերը, մարդ ղրկեցինք և խնդրեցինք, որ գոնէ մէկ օր մեզ պատսպարեն։ Այդ օրը նոյն գիւղէն 8 մարդ սպանած և մէկ հոգի վիրաւորած էին. գիւղը սարսափի և սուգի մէջ էր. բայց մենք ալ ճար չունէինք և մեր պնդումին վրայ գզիրը մեզ ընդունեց իր տան մէջ։ Անձրևը հետրզհետէ սաստկացաւ, տանտէրը սարսափի մէջ էր, կը խնդրէր, կը պաղատէր մեզմէ, որ շուտով մեկնինք. հակառակ մեր կամքին ստիպուած էինք, մնալ մինչև որ կարելի ըլլար դուրս ելնել։ Անձրևը նոյն սաստկութեամբ շարունակեց մինչև հետևեալ կէս օրը։
Մինչ տղաքը կը ճաշէին, ես պահակին տեղը կեցած էի և հեռադիտակով կը նայէի. տեսայ որ քանի մը ոստիկաններ հայեր կը տանէին և սարն ի վեր կը բարձրանային. տեսայ հրացանի ծուխ և իրենցմէ մէկը ինկաւ, քիչ յետոյ մէկն ալ ինկաւ։ «Տղերք, գոչեցի, մարդ կը զարնեն». համոզուած էինք որ հայեր էին։ Ժամ մը հազիւ անցած էր, ժանտարմաներ եկան դիակները վերցուցին։ Շտապեցինք քաղաք մարդ ղրկել և իմացնել մերիններուն, թէ սպանութիւն կատարուած է։ Քաղաքին մէջ արդէն իմացեր էին այդ դէպքը և տեղեկութիւն ղրկեցին, որ սպանուածներն են Հրանտ Պապիկեանը, մէհքէմէի աղա, և Գրիգոր Տէրտէրեան, վաճառական։ Մէկ քանի մարդիկ ալ ուրիշ տեղ սպաննած և քաղաքին մէջ ալ շատեր ձերբակալած էին։
Իրիկուան ժամը 1-ին ճանապարհ ելանք և լուսաբացին հասանք Խորսանա։
Լուր ղրկեցինք խորսանացի Խտօին և Արտաշէսին։ Խտօն ճշմարիտ քաջ մըն էր, թէև 60 տարեկանէն աւելի էր, բայց արծիւի կը նմանէր,