Էին. ժամասացութիւնը, ինչպէս առաջին անգամ, դարձեալ աղջիկները և հարսերը կը կատարէին. երբ կրկին լսեցինք իրենց աղիողորմ աղօթքները, հոգինիս լեցուեցաւ յուզումով. մեզի համար շատ տխուր էր ասիկա, բայց նաև շատ հաճելի։ Երեկոյան մեկնեցանք գիւղէն Մարտիրոսի առաջնորդութեամբ։ Ճամբուն վրայ Խորսանայի և Կովտունի միջև մտանք առուակ մը. կանցնէին ուրիշ ճամբորդներ. ամենքն ալ հայ հովիւներ էին. մինչև իրիկուն մնացինք հոն և յետոյ ճամբայ ելանք. գետը անցնել անհնար էր և կը խորհրդակցէինք մեր ընելիքին վրայ. երբ լսեցինք, որ խօսակցութեան ձայներ կուգան, թագնուեցանք. չորս թիւրքեր էին, որ բարձրաձայն կը խօսէին, մենք սկսանք արագ քալել, բայց ցեխը մեզ արգելք էր, այնպես որ հազիւ լուսաբացին հասանք Տուշտակի դէմի աւերակ գոմերը։ Նոր ամրացուցեր էինք մեր դիրքերը, երբ բաւական հեռուէն լսեցինք հրացանի ձայներ։
Չորս թիւրքերը փախստական էին և չէթա[1] դարձած. մեզ փնտռող ոստիկանները կը հանդիպին անոնց, մեզ կը կարծեն և երկու կողմէն կը կրակեն Խարվազ գիւղի ներքևը։ Երեք ժանտարմ կը սպանուին և չէթաներէն երկուքը, իսկ մնացյալ երկուքը կը ձերբակալուին, չէթաներուն քովէն կը գտնուին 200 ոսկի և հայ կանանց զարդեր։
Երեկոյին ճամբայ ելանք և կէս գիշերին հասանք Հրեշտակապետ, բայց մեր խումբին մէջ անհամաձայնութիւն կար, ոմանք կուզէին իջևանել վանքը և ոմանք հակառակ էին։
Գացինք Սարֆաճի. ասիկա բարեբեր և հարուստ գիւղ մըն է, 15 տուն ունեցող, գիւղացիք յաղթանդամ և քաջառողջ մարդիկ են. ունին գեղեցիկ ծառեր և շատ սքանչելի տեսարան, որովհետև հարաւէն և հիւսիսէն բարձրաբերձ լեռներով շրջապտուած են։ Գիւղացիները աշխատասէր են, սիրահար մեղուաբուծութեան, անասնաբուծութեան և պարտիզպանութեան. այս գիւղին իւղը, մեղրը նշանաւոր է, որուն մեծ մասը թիւրքերը կուտեն։ 95-ական թուականի հալածանքներուն 5000 ոչխար տարած են Սարֆաճիէն։ Գիւղացիք սարսափելի օրեր տեսած են հին ռեժիմին, և հալածանքը շարունակուած է մինչև Սահմանադրութեան հռչակումէն երկու տարի ետքը։ Խարաճի օղլու բռնաւոր սրիկան ոչ պատիւ ձգած է, ոչ կեանք. իր շուն մարդիկը կարձակէր գիւղին մէջ, և
- ↑ Ավազակ: