լեռնային կածանները որտե՞ղ են ընդհատվում, ո՞ւր կան աղբյուրներ, քարայրներ, թաքստոցներ։
Մանկության օրերից սկսած՝ Մուրադն ուներ և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ։ Պատճառը հավանաբար նաև այն էր, որ նա գոտեմարտում, որը մտել էր կենցաղ և դարձել հանդիսավոր պահերին տարածում գտած խաղ, գետին էր տապալում մրցակիցներին ու տանում հաղթանակ։
Բայց ո՛չ…
Թուրքերը չէին ուզում տեսնել առողջ ու թիկնավետ հայ երիտասարդներին։ Նրանց առկայությունը դիտում էին վտանգավոր և առիթը բաց չէին թողնում ստահոդ լուրերով վարկաբեկել այդ նոր, բարձրացող ուժերին։
Եվ շուտով հենց իրենք՝ թուրքերը, ստեղծում են այդ առիթը։ Մուրադը գյուղից գործով գնում է Սեբաստիա քաղաք։ Թուրքերը կտրում են նրա ճամփան և հարձակվում՝ սպանության սպառնալիքով։ Մուրադն ինքն է գետին տապալում մեկին, թեքվում մյուսների կողմը։ Թուրքերը տեղի են տալիս ու փախչում։ Այս առիթով գյուղում ձերբակալում են հորը՝ Հակոբին։
Այլևս ի՞նչ էր մնում անելու, բացի փախուստից։ Եվ նա հասնում է մոտակա Սախառի լեռները, այնուհետև բռնում Պոլսի ճանապարհը։ 1890 թվականին Մուրադն արդեն 16—17 տարեկան էր և Պոլսում պատահաբար ծանոթանում է Լուսինյան ազգանունով մի հայ պատանու հետ, հաճախում Ղալաթիո Լուսավորչի անունը կրող եկեղեցուն կից դպրոցը։ Այն գիշերային դպրոց էր և հարում էր հնչակյաններին։ Մուրադը մտնում է այդ գաղտնի կազմակերպության մեջ՝ կատարելով մի շարք կարևոր առաջադրանքներ ու հանձնարարություններ։ Մի առիթով նա թուրք ոստիկանի ձեռքից ազատում է մի հայ անմեղ մարդու, որի պատճառով էլ հալածանքի է ենթարկվում։ Ստիպված մի ամիս թաքնվում է հայկական եկեղեցիներից մեկում։
Ոստիկանությունը տեղյակ էր, որ նրան թաքցրել են հայ վանականները, դիմում է ծայրահեղության և կոտրում եկեղեցու դուռը, փորձում բռնությամբ ձերբակալել Մուրադին։ Վերջինս կրակում և վիրավորում է թուրք ոստիկաններից մեկին։ Այնուհետև՝ հաջորդում են նոր հետապնդումներ, սպառնալիքներ, զինաթափման առաջարկություններ։ Դրանք չեն ընդունվում Մուրադի և նրա մարտական ընկերների կողմից։
Ոստիկանները դիմում են խորամանկության՝ փորձելով համոզել, թե սուլթանը ներում է ապստամբներին։