Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/6

Այս էջը հաստատված է

«Սուլթանի խոստումին ոչ մի հավատ չեմ ընծայեր»,— լինում է Մուրադի միակ պատասխանը։

Պատրիարքարանի և անձամբ Իզմիրլյանի հորդորանքով Մուրադն ու նրա ընկերները թողնում են եկեղեցին, հասնում Քարափը և թաքնվում Եգիպտոս մեկնող նավերից մեկում։ Ապա մեկնում է Աթենք, իսկ որոշ ժամանակ անց հայտնվում Թիֆլիսում։ Ստիպված տարբեր վայրերում բանվորական աշխատանք է կատարում։ Ոտքով կտրում է Գուգարաց աշխարհը, բռնում Կարսի ճամփան։ Այստեղ էլ նա հանդիպում է Հայ Հեղափոխական Դաշնակցության տեղական կազմակերպության անդամների հետ, սիրով մտնում դաշնակցական կուսակցության շարքերը։ Մի քանի անգամ փորձում է զինատար խմբերի հետ գնալ Սասուն, սակայն դա նրան չի հաջողվում։ Այդ ընթացքում մի առիթով ձերբակալվում է, ազատվում, գնում Թիֆլիս։ Եվ միայն 1903-ի մարտին Թորգոմի (Թուման Թումանյան) խմբի հետ գնում է Սասուն։ Նրան է հանձնարարվում Շենիկի ինքնապաշտպանությունը։ Մուրադի քաջերը ետ են մղում թշնամու հարձակումները և հաղթանակով վերադառնում Շենիկ։ Ինքնապաշտպանական մարտերը ղեկավարում էին Անդրանիկ Զորավարը, Գևորգ Չաուշը, Հրայր Դժոխքը, Սպաղանցի Մակարը, Մշեցի Սմբատը, Կոտոյան Հաճին, Առասպելական Քեռին և ուրիշներ։ Բոլորի կողմից սիրված և արդեն անձնազոհ ֆիդայու անուն հանած Սեբաստացի Մուրադը ևս մասնակցում է ռազմական խորհրդի նիստին։

Սեբաստացի Մուրադը մեծ հեղինակություն էր, և Աղբյուր Սերոբի ողբերգական մահից հետո նրա թեկնածությունն էլ կար հայդուկապետ ընտրվողների ցանկում։

Մի առիթով նա համոզված ասել է. «Անդրանիկն էր այն առաջնորդը, որին մենք այդպես փնտրում էինք, և եթե նույնիսկ նա մեռած լիներ, նրա դիակը մեր դրոշի հետ պետք է տարվեր առջևեն դեպի կռիվ և ազատություն»։

Այսպիսի սիրով ու նվիրումով էր նա ընդունում Անդրանիկին, գնահատում նրա մեծ համբավն ու ռազմավարական տաղանդը։

Ժողովրդի և մարտիկների մի մասի դաշտ շարժվելու հանձնարարությունը տրված էր Մուրադին։ Պատերազմական այդ բարդ շրջանում, երբ աջուձախ վխտում էին թուրքական զորքերն ու քրդական զինված խմբերը, Մուրադն իր 120 ֆիդայիներով պաշտպանության տակ է առնում 8—10 հազար մարդու և ուղղվում դեպի Մշո դաշտ, որտեղ մարդկանց երթը այնպես է կազմակերպում, որ չլինեն արկածախնդրական բնույթի գործողություններ։ Զգուշությամբ ու լեռնագնացի հնարամտությամբ անցնում է