Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/106

Այս էջը սրբագրված է

«Այ տղա էս կարգին մարդ ա դառել...հալա սրա շորերին,սրա շնորհքին...,-նկատում են գյուղացիները»։Նույն են այս հերոսները իրենց բարի միամտությամբ։Երբ աղան գյուղացիներին խափելու համար Կալոյին ասում է,թե՜ գնա էն լավը բեր,նա միամտաբար հայտարարում է՝ աղա էդ հո վատիցն է:Գիքորը բազազ Արտեմի տանը հյուրերի ներկայությամբ, երբ աղջիկ պարոնը հարցնում է,թե ինչո՞ւ բալ չես բերել,պատասխանում է.«–Աղջիկ պարոն, խազեինը ասում էր՝ բալը թանգ ա,հարկավոր չի...»։ Իրավիճակի ինչպիսի նմանություն,բայց եւ ինչպիսի տարբերություն կա գեղարվեստական,նաեւ գաղափարական լուծումների մեջ։Կալոյի համար գործելու հեռանկարը բացվում է ռոմանտիզմին հատուկ «անսպասելի» լուծումների ձեւով։ Մասիսյանցի տղան հրաժարվում է հարստությունից,մեծ աղջիկը կախվում է (նա բարկացավով հիվանդ էր),փոքր աղջիկը ամուսնանում է Կալոյի հետ, քանի որ վերջինս փրկել էր նրան գետում խեղդվելուց։ Մինչդեռ այնքան մարդասեր Թումանյանը ի վիճակի չէր Գիքորին փրկել,նա պիտի կործանվեր։

XX դարում արեւմտյան գրականության մեջ առկա այս երետւյթները բոլորովին այլ տեսք ստացան։ Մարդկային հարաբերությունների սոցիալական բարդացումները, ատոմային պայթյունից աշխարհի կործանման հավանական իրողությունը հասարակության մեջ ստեղծել է մի հոգեկան ճգնաժամ,որին արձագանքում է հատկապես դեկադենտական գրականությունը։Այս դաժանորեն ռեալ աշխարհում մարդը հավատում է պատրանքին։ Մարդկային գիտակցության մեջ վերստին արթնացավ ագնոստիցիզմը։ Նոբերտ Վիների բնորոշմամբ.«Հին, նայիվ ֆիզիկայի ռեալիզմը զիջեցիր տեղը այնպիսի մի բանի, որի հետ սիրով կարող էր համաձայնել եպիսկոպոս Բերկլին»¹°։

Գրականության հետ ունեցած կապի կորուստը դարձավ ժամանակակից աշխարհի ամենաընդգծվող գիծը։ Գրողները սկսեցին հիմնվել բերգսոնյան ինտուիտիվ հայեցողության վրա՝ այն ընդունելով որպես աշխարհի ճանաչման իռացիոնալ սկզբունք։ Միայն անհատի փորձը կարող էր միջոց դառնալ աշխարհի ճանաչման համար,ինչը շատ լավ երեւում է Կաֆկայի ստեղծագործությունների մեջ։ Նրա օրագրերում գրանցվել է այն մեծ մտահոգությունը, որ ժամանակակից աշխարհում տեղի է ունենում անհատի հետ։ Նրա գործերում բուրժուական մոնարխիայի քաղքենիական մթնոլորտում հերոսին թվում էր, թե թուղթը (փաստաթուղթը) սկսել էր իշխել մարդու վրա։Այս տպավորությունը մարդու մեջ ծնվում էր բյուրոկրատական անդեմ ապարատի գոյության պայմաններում։ Այդ պատճառով էլ Կաֆկայի հերոսը ապրում է երկակի կյանքով,որից դուրս գալը մի ելք ունի՝ խելագարություն։